Արցախի պետական համալսարան

Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի տարեվերջյան նիստը, որի ընթացքում քննարկվել և որոշում է ընդունվել՝ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների անունից կոչով դիմելու Հայաստանի Հանրապետության և արտերկրի առաջատար բուհերին՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման խնդրի հետ կապված հնարավոր քայլերը ձեռնարկելու և խնդրի լուծմանը աջակցելու նպատակով: Կոչը կթարգմանվի տաբեր լեզուներով և կուղարկվի արտերկրի առաջատար բուհերին:

Գիտխորհուրդը օրակարգային հարցերով քննարկել և հաստատել է ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր: Դեկանները տեղեկատվություն են ներկայացրել ԱրՊՀ 2022-2023 ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների, ԱրՊՀ 2022-2023 ուսումնական տարվա առկա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի եզրափակիչ քննությունների նախապատրաստական աշխատանքների մասին:
Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել ԱրՊՀ 2021-2022 ուսումնական տարվա գործունեության հաշվետվությունը և գիտական մի շարք աշխատություններ: