Արցախի պետական համալսարան

Արցախի պետական համալսարանում ուսումնական պարապմունքներին զուգընթաց փետրվարի 6-ից մեկնարկել է նաև 4-րդ կուրսերի փորձուսուցումը։ Այսօր յուրաքանչյուր ֆակուլտետում փորձուսուցում անցնող ուսանողների հետ կազմակերպվել են հանդիպումներ ֆակուլտետի դեկանի, փորձուսուցման բաժնի, փորձուսուցման ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպումների ընթացքում ուսանողներին տրվել են փորձուսուցման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն:

Առաջին երկու շաբաթը կլինի ուսումնական, իսկ հաջորդ վեց շաբաթը՝ արտադրական փորձուսուցում։
ԱրՊՀ փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանի խոսքով՝ մանկավարժական ուղղվածությամբ սովորող ուսանողների փորձուսուցումը, ըստ պլանի, նախատեսված է անցկացնել հանրակրթական դպրոցներում, «Իրավագիտություն» կրթական ծրագրի ուսանողները՝ նոտարական գրասենյակ համար 1-ում, «Թարգմանչական գործ»-ը՝ ԱՀ ԱԺ-ում և արտաքին գործերի նախարարությունում, «Լրագրություն»-ը՝ «Ազատ Արցախ» հանրապետական թերթում, Արցախի հանրային հեռուստառադիոյում և Արցախի այլ ԶԼՄ-ներում, «Տնտեսագիտություն»-ը՝ ԱՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, Արցախի ներդրումային հիմնադրամում, «Արցախբանկ» ՓԲԸ-ում և այլ կազմակերպություններում, «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»-ը՝ «Այ Թի» ոլորտում գործող «Կապիտալ Սոֆթ», «Սիներջի սիսթեմս» ընկերություններում, «Հոգեբանություն»-ը՝ Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում և հոգեբանական ծառայություն մատուցող այլ հաստատություններում։
ԱրՊՀ փորձուսուցման բաժնի պետի հավաստմամբ՝ աշխատանքներ են իրականացվում ուսանողների փորձուսուցումն արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Մշտապես կապի մեջ են ամբիոնների վարիչների, փորձուսուցման ղեկավարների և փորձուսուցման անցկացման հաստատությունների պատասխանատուների հետ։ Պարբերաբար քննարկումների ընթացքում վեր են հանվում խնդիրները, քայլեր ձեռնարկվում դրանց լուծման ուղղությամբ, վերանայվում նաև ուսումնական պլանները։