Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և բուհում գործող պատմաբանների ակումբի աջակցությամբ այսօր բուհում կազմակերպվել է
«13 փետրվար 1988թ.-13 փետրվար 2023թ.» խորագրով միջոցառում՝ նվիրված 1988 թ. փետրվարի 13-ից սկիզբ առած տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ Ստեփանակերտում մեկնարկած զանգվածային ցույցերին։
Միջոցառմանը հրավիրված էին Արցախյան շարժման ակտիվիստներ, ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ։ ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Նունե Սարումյանը ներկայացրեց փաստական տեղեկություններ Արցախյան շարժմանն ու պատերազմին մասնակցած ԱրՊՀ ուսանողների մասին։ Նրա խոսքով՝ պատմական այս օրը մեծ խորհուրդ ունի։
«35 տարի առաջ այս օրը ժամանակի իշխանությունների և պատկան մարմինների վերահսկողության պայմաններում մեր ուսանողներն ու դասախոսները համարձակորեն միահամուռ ձևով իրենց ձայնը բարձրացրին ադրբեջանյան իշխանությունների հակահայկայան քաղաքականության դեմ և մայր Հայաստանին միանալու իրենց կամքը արտահայտեցին։ Այդ այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանությունները Կոմկուսի ԿԿ բաժնի վարիչ Ա. Ասադովի, ԿԿ քարտուղարներ Կոնովալովի և Օրուջևի կողմից սպառնալիք հնչեցվեց` հարյուր֊հազարավոր ադրբեջանցիներ մտցնել Ղարաբաղ, պատժելու համար արցախահայերին։ Այն ժամանակվա ուսանողներն ու ներկա ժամանակվա ուսանողները նույն մտահոգությամբ են ապրում, այն է` հայրենիքի ազատագրման ու անվտանգության ապահովումը։ Ցավալին ուղղակի հիմա այն է, որ նույն համարձակությամբ ու հերոսությամբ առաջնորդվելով՝ այսօր նրանք կանգնած են մի սարսափելի խնդրի առջև` գաղափարական անվստահելիության և պարտվողի հոգեբանական բարդույթի»,-ընդգծել է Ն․ Սարումյանը՝ հավելելով, որ միասնականության և համախմբվածության գաղափարը պետք է սերմանվի և ծլարձակվի։
Միջոցառմանը ներկա էր նաև ԱրՊՀ Արցախի գիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան, ԱրՊՀ դասախոս, պրոֆեսոր Ստեփան Դադայանը, ով շարժման տարիներին բուհի պատմության ֆակուլտետի դեկանն էր։ Նա, այդ օրերի հուշերից ներկայացնելով ուսանողներին, պատմեց, թե ինչպիսի վտանգների ու զրկանքների միջով են անցել՝ հանուն ընդհանուր նպատակի՝ ընդգծելով ուսանողության ու համալսարանի մեծ դերը Արցախյան շարժման ընթացքում՝ ընդհատակյա պայքարից, զանգվածային ցույցերից մինչև գոյապայքար։
«35 տարի անց պետք է վերադառնանք մեր ազգային ազատագրական պայքարին, վերադառնանք ակունքներին։ Ամեն ինչի հիմքը գաղափարախոսությունն է, պայքարը պետք է դառնա վերջնական հաղթանակ։ Մենք պարտվել ենք ճակատամարտը, բայց ոչ պատերազմը, իսկ հաղթել կարող ենք միայն միասնականությամբ` հիմքում դնելով ազգային ազատագրական գաղափարախոսությունը։ Հաղթելու բանալին դա է»,-նշել է Արցախի խորհրդարանի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը, ով 1988-ի սերնդի այն ակտիվ ուսանողներից էր, ովքեր կանգնած էին շարժման ակունքներում։
ԱրՊՀ հրատարակչության բաժնի պետ Եղիշե Առուշանյանը ևս 1988-ի այն ուսանողներից էր, ովքեր իրենց ներդրումն ունեցան Արցախյան շարժման ընթացքում և անկախության գոյապայքարում։
Միջոցառմանը նա ևս պատմեց իր հուշերից, իսկ այսօրվա սերնդին իր ուղերձն ունի․ «1988 թ․ հնչած «Միացում» կոչը պետք է ուղենիշ լինի ներկա սերնդի համար այնպես, ինչպես 88-ի սերնդի համար էր, որի խորհուրդն է՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք մեկ գաղափարի շուրջ միավորվելը հանուն մեկ միասնական հայրենիքի»։
Միջոցառմանը եկույթ ունեցան ԱրՊՀ դասախոսներ, շարժման ակտիվիստներ։
ԱրՊՀ պրոռեկտորներ Վալերի Ավանեսյանը և Վիտյա Յարամիշյանը կարևորեցին միջոցառումը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին ու նախաձեռնողներին՝ ընդգծելով պատմությունից դասեր քաղելու և նոր սերնդին նման միջոցառումներով ևս գիտելիք փոխանցելու անհրաժեշտությունը։