Արցախի պետական համալսարան

Ամփոփվեց բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի «Լրագրություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսումնական փորձուսուցումը, որը մեկնարկել էր փետրվարի 6-ից և տևել մինչև փետրվարի 17-ը։

Շրջափակման պայմաններում հնարավորինս հաղթահարելով ստեղծված խնդիրները՝ փորձուսուցման շրջանակում (փորձուսուցման ղեկավար՝ Զ․ Սառաջյան) ուսանողներն այցելել են Արցախի Հանրապետությունում գործող ԶԼՄ-ներ, մասնավորապես՝ Արցախի հանրային հեռուստառադիոընկերություն, «Ազատ Արցախ» հանրապետական թերթի, «Ապառաժ» թերթի խմբագրություններ, “Artsakhpress.am” լրատվական գործակալություն, «Հայկ» մեդիայի Արցախի գրասենյակ և մի շարք գերատեսչությունների տեղեկատվության բաժիններ, հանդիպումներ ունեցել ԶԼՄ-ների պատասխանատուների հետ, ծանոթացել ԶԼՄ-ների կողմից իրականացվող տեղեկատվական քաղաքականությանը, աշխատակազմին, ընդհանուր գործունեությանն ու առանձնահատկություններին։
Երկու շաբաթ տևողությամբ փորձուսուցման ընթացքում ուսանողները լսել են արդիական թեմաների վերաբերյալ դասախոսություններ, մասնակցել վարպետության դասերի, քննարկումների, որոնք վարել են Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության տնօրեն Հրայր Ավետիսյանը, Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Միրզոյանը, ԱՀՀ «Օր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Նորայր Հովսեփյանը, «Ազատ Արցախ» թերթի խմբագիր Նորեկ Գասպարյանը, խմբագրի տեղակալ Վան Նովիկովը, «Ապառաժ» թերթի խմբագիր Արա Պուլուզյանը, «Հայկ» մեդիայի արցախյան գրասենյակի տնօրեն Սերգեյ Սաֆարյանը և մի շարք գերատեսչությունների տեղեկատվական բաժինների պատասխանատուներ։
Ուսանողները ԶԼՄ-ների անմիջական պատասխանատուներից ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, ստացել մասնագիտական աջակցության առաջարկ՝ համագործակցելու և իրենց գիտելիքները գործնականում կիրառելու համար։
Ուսումնական փորձուսուցմանը կհաջորդի արտադրական փորձուսուցման փուլը (փորձուսուցման ղեկավարներ՝ Ս. Բալայան և Զ. Սառաջյան), որի ընթացքում ուսանողներն իրենց լրագրողական նյութերով հանդես կգան տարբեր ԶԼՄ-ներում։
Փորձուսուցման ղեկավար Զ․ Սառաջյանը շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ների պատասխանատուներին՝ արդյունավետ համագործակցության և փորձուսուցման անցկացմանը նպաստելու համար՝ կարևորելով նրանց դերը հատկապես ուսանողների մասնագիտական կարողություններն ու հմությունները զարգացնելու և գործնականում դրսևորելու հարթակ տրամադրելու տեսանկյունից։