Արցախի պետական համալսարան
Փետրվարի 20-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ նվիրված ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձին։ Տարբեր ֆակուլտետներից ուսանողների մասնակցությամբ բաց դասախոսությունը վարել է ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը։
Պրոռեկտորը, շնորհավորելով ներկաներին շարժման 35-ամյակի առթիվ, խոսել է փետրվարի 20-ի օրվա խորհրդի, շարժման պատմական նախադրյալների, 1988-ի զարթոնքի և հետագա իրադարձությունների մասին։
1988թ.-ին Արցախի մայր բուհի ուսանողությունը և դասախոսներ եղել են Արցախյան շարժման առաջամարտիկներից։
Պրոռեկտորի խոսքով՝ Ղարաբաղյան շարժման նշանակությունը մեր ժողովրդի համար անհնար է գերագնահատել:
«Այդ դժվարին, բայց երանելի օրերին մեր ժողովուրդը փաստացի վերածնվեց, վերականգնվեց նրա հավատը սեփական ուժերի նկատմամբ, հաղթահարվեց նրան ուրվականի նման հետապնդող զոհի, պարտվողի հոգեբանությունը, քանի որ հասկացավ միասնության վճռական դերակատարությունը` հաջողության ճանապարհին: Ասպիսի մտածելակերպը հնարավորություն է տալիս վերջին տարիների անհաջողությունները գնահատել որպես ժամանակավոր, որովհետև սեփական փորձառությամբ մեր ժողովուրդն ապացուցեց, որ անելանելի իրավիճակներ չեն լինում, հատկապես այն ժամանակ, երբ ազգն է ոտքի ելել` իր իրավունքների համար մղվող պայքարում», -ընդգծել է Վ. Յարամիշյանը՝ հավելելով, որ միասնականությամբ և համատեղ ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել դժվարությունները:
Դասախոսությունն ընթացել է ինտերակտիվ, հարցուպատասխանի ձևաչափով։