Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանը փետրվարի 21-ին մասնակցել է ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնած առցանց միջոցառմանը՝ նվիրված Մայրենիի օրվան։
Միջոցառումը կայացել է ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի, Արցախի պետական համալսարանի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի, Բրյուսովի անվան պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի, Գավառի պետական համալսարանի, Գորիսի պետական համալսարանի, Վանաձորի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, Շիրակի պետական համալսարանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործընկերությամբ։
Մայրենիի օրվան նվիրված առցանց միջոցառմանը մասնակցել է ավելի քան 100 ներկայացուցիչ՝ գիտաշխատողներ, դասախոսներ, մանկավարժներ, սովորողներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախի Հանրապետությունից, Սփյուռքից:
Միջոցառման ընթացքում հայերենը ներկայացվել է իր տարածաժամանակային բազմազանությամբ (գրաբար, միջին հայերեն, գրական արևելահայերեն, գրական արևմտահայերեն, բարբառներ): Հնչել են խոսքի նմուշներ նաև այլ լեզուներով՝ ռուսերեն, ասորերեն, չինարեն, քրդերեն, արաբերեն, պարսկերեն, հինդի և այլն:
ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ, նշելով, որ այն պետք է յուրաքանչյուր մարդու համար լինի ամենակարևոր տոներից մեկը, որովհետև այն ինքնության տոն է։
Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով ԳԱԱ լեզվի ինստիտուտին համագործակցության համար, շնոհավորել է ներկաներին օրվա առթիվ՝ ընդգծելով հատկապես վերջին տարիներին տոնի՝ ավանդույթի ուժ ստանալու գործում լեզվի ինստիտուտի ունեցած դերը։
«Պատմությունը ցույց է տվել, որ լեզուն ինքնության պահպանման գործում մեծ դեր ու նշանակություն է ունեցել։ Պատմական ամենածանր ժամանակաշրջաններում լեզուն միշտ օգնել է պահպանելու մեր ազգի կենսունակությունն ու ինքնությունը։ Այսօր ևս դժվար ժամանակներ են ապրում Հայաստանը, Արցախը, Սփյուռքը։ Համոզված եմ, որ մեր մայրենի լեզվի շնորհիվ ևս կկարողանանք հաղթահարել դժվարությունները և պահպանել մեր ազգային ինքնությունը»,-նշել է ռեկտորը։
ԱրՊՀ-ից միջոցառմանը հանդես են եկել Ակադեմիկոս Ս․ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ․գ․թ․, դոցենտ Ռենա Մովսիսյանը (Բերդաշեն․ բուն Ղարաբաղի բարբառ, Բերդաշենի խոսվածք), նույն ամբիոնի դասախոս Արմինե Արզումանյանը (Ամենից լավ տունը․ Մարտակերտի խոսվածք, Հոռաթաղի ենթախոսվածք), ԱրՊՀ ասպիրանտներ Մանուշակ Ավետիսյանը (Մանրապատում․ Մեհտիշենի բարբառ), Հերմինե Արզումանյան (Զրույց հադրութեցու հետ․ Հադրութի ենթաբարբառ, Մարիամաձորի խոսվածք), ուսանողուհի Անի Աբաղյանը (Մունք․ Հադրութի բարբառ, Մեծ Թաղերի խոսվածք)։
Արցախյան խմբի աշխատանքները համակարգող, ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, բ․գ․թ․, դոցենտ Լուսինե Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտին միջոցառման համար և շնորհավորել մասնակիցներին մայրենիի օրվա առթիվ՝ նշելով. «Մայրենին այսօր աշխարհասփյուռ հայերի սիրտ ու մտքի կամուրջը եղավ. Մայր Հայրենիքը՝ կենտրոնաձիգ առանցքը՝ ի դեմս հայերենապահպան առաքելություն իրականացնող Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի։ Մայրենին ուժ է ու միասնություն. սա խորհուրդ չէ, ճանապարհ է՝ միշտ տունդարձով»։