Արցախի պետական համալսարան

        Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակում կազմակերպված մարդասիրական մի շարք միջոցառումներում ԱրՊՀ ուսանողները իրականացրել են կամավորական աշխատանքներ: Կամավորական աշխատանքներ իրականացրած ԱրՊՀ ուսանողներին այսօր՝ փետրվարի 22-ին, ռեկտոր Արմեն Սարգսյանը խրախուսել է գրքերով և շնորհակալագրերով:

Կարևորելով կամավորական աշխատանքների անհրաժեշտությունը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին, ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատուներին՝ ընդգծելով, որ Արցախի պետական համալսարանի ուսանողները մեր երկրում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների ժամանակ միշտ էլ եղել են կամավորական աշխատանքների կիզակետում՝ թե՛ պատերազմների և թե՛ իրավիճակի տարաբնույթ սրացումների ընթացքում:
«Այսօրվա ուսանողությունն իր հայրենասիրությամբ, մտածողությամբ չի զիջում նախորդ սերունդներին: Շնորհակալություն մեր ուսանողներին, ովքեր երկրում ստեղծված դժվար իրավիճակը մեղմելուն ուղղված աշխատանքներում իրենց նպաստն են ունեցել»,-նշել է ռեկտորը:
Կամավորականների աշխատանքը կարևորել և նրանց շնորհակալություն է հայտնել նաև ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ ընդգծելով, որ ԱրՊՀ ուսանողների կատարած կամավորական աշխատանքների մասին դրական արձագանքներ են հնչել հանրության տարբեր շրջանակների կողմից, ինչը գոհացուցիչ է:
ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Գրիգորյանի խոսքով՝ վերջին ամիսներին կատարված կամավորական աշխատանքները երկու ուղղությամբ են իրականացրել՝ կտրոնների տրամադրման և բարեգործական հիմունքներով Արցախ բերված մրգերի ու բանջարեղենի փաթեթավորման ու սոցիալական որոշակի խմբերի տրամադրման աշխատանքներ, որոնց մեծ պատրաստակամությամբ են ընդգրկվել ուսանողները:
«Եթե կարող ես որևէ հարցում օգնել մեկին, ապա անպայման պետք է օգնես: Մենք այս աշխատանքների ընթացքում ավելի ենք մտերմացել միմյանց հետ, դարձել թիմ: Այսուհետ ևս պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել այն ոլորտներում, որտեղ մեր օգնության կարիքը կզգացվի»,-նշել է Լաուրա Գրիգորյանը:
«Մեր թիմը շատ համախմբված ու կազմակերպված է իր աշխատանքը կատարել, ընդգրկված էինք քաղաքացիներին կտրոններ տրամադրելու աշխատանքներում: Արդյունքում գովասանքի ենք արժանացել կազմակերպիչների կողմից, ինչը մեզ համար ոգևորիչ էր»,-ասել է տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողուհի Լարիսա Գրիգորյանը:
Ուսանողներին գրքերը և շնորհակալագրերը հանձնել են ԱրՊՀ ռեկտորը և ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտորը: