Արցախի պետական համալսարան

Շարունակվում են մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառումները։ Փետրվարի 22-ին ԱրՊՀ Ակ. Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Նունե Խաչատրյանի նախաձեռնությամբ «Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողները կազմակերպել են «Անաղարտ պահենք մեր մայրենին» խորագրով միջոցառում։

Միջոցառման մասնակից ուսանողուհի Աննա Հայրապետյանի համոզմամբ՝ մամուլը բոլոր ժամանակներում իր կարևոր դերն է ունեցել լեզվի պահպանման գործում։ Այդ գիտակցումով ուսանողներն ուսումնասիրել են ՀՀ և ԱՀ հեռուստատեսության, ռադիոյի և թերթերի լեզուն, ելույթներում անդրադարձել հաճախակի գործածվող լեզվական սխալներին, ընդգծել, որ լեզվական շատ սխալներ գնալով արմատավորվում են, և պայքարը սխալների դեմ պետք է ավելի պարտավորեցնող լինի յուրաքանչյուրի համար։
Միջոցառման ընթացքում լսարանի հետ կապն ապահովվել է հարց-պատասխանի միջոցով։ Ելույթների ընթացքում ուսանողները հարցեր են ուղղել լսարանին՝ միջոցառումն ավելի հետաքրքիր ու ինտերակտիվ դարձնելու համար։
«Հայոց լեզվի անաղարտության պահպանումը այսօր էլ շարունակում է մնալ բոլորիս հիմնական խնդիրը: Հնչեցված ելույթները նպատակ ունեն ոչ միայն սխալը ճանաչելու, այլև ճիշտ տարբերակը ընտրելու: Պետք է կարողանանք խոսք կառուցելու դժվարությունները հաղթահարել, լեզվական սխալները իմանալ և դրանց ուղղումները յուրացնել»,-ամփոփելով միջոցառումը՝ նշել է Նունե Խաչատրյանը։