Արցախի պետական համալսարան

Ամփոփվեցին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ «Հայոց պատմություն» առարկայից տեղի ունեցած օլիմպիադայի արդյունքները։ Փետրվարի 23-ին տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Օլիմպիադան կազմակերպվել էր հանրապետության 10-12-րդ դասարանների աշակերտների շրջանում, որին աշակերտները ցուցաբերել են մասնակցության բարձր ակտիվություն:

Արցախի Հանրապետության տարբեր համայնքներից ներկայացած աշակերտներին և նրանց ուսուցիչներին ողջունել և շնորհակալություն է հայտնել պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը՝ շնորհավորելով նրանց՝ օլիմպիադայում հաջողություն գրանցելու համար:
«Շնորհակալություն ձեզ և ձեր ուսուցիչներին, որ կարողացաք այս դժվար պայմաններում մասնակցություն ցուցաբերել և գոհացուցիչ արդյունքներ գրանցել: Սիրե՛ք «Պատմություն» առարկան և շարունակեք այն լավ սովորել, համոզված եմ՝ վաղը դուք եք լինելու մեր պատմությունը կերտողները»,-դիմելով աշակերտներին՝ նշել է Ն. Սարումյանը և տեղեկացրել, որ օլիմպիադայի 2-րդ փուլը կկազմակերպվի ապրիլին:
Օլիմպիադայում 12-րդ դասարանցիների շրջանում առաջին տեղ զբաղեցրած Մալենա Եսայանը սովորում է Մարտունու համար 1 դպրոցում և պատրաստվում է ընդունվել ԱրՊՀ՝ «Պատմություն» մասնագիտությամբ: Նրա խոսքով՝ «Պատմություն» առարկայի հանդեպ սերն առաջացել է իր ուսուցչուհի Էթերի Խաչատրյանի շնորհիվ դեռ «Հայրենագիտություն» առարկան անցնելիս. «Յուրաքանչյուր մարդ պետք է իմանա իր հայրենիքի պատմությունը, դասեր քաղի անցյալի սխալներից, ոգեշնչվի հերոսական էջերից: Խորհուրդ եմ տալիս բոլորին լավ սովորել «Հայոց պատմություն» առարկան»:
Մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտներին ԱրՊՀ կողմից պատվոգրեր և գրքեր են հանձնել Ն. Սարումյանը և արարողությանը ներկայացած ուսուցիչներ: