Արցախի պետական համալսարան
Այս օրերին շրջափակման պայմաններում Ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ) կրթական համագործակցություն է հաստատել Այովայի համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև:
Երկու համալսարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ կրթական, վերապատրաստման և հետազոտական հետագա համագործակցությունը խթանելու նպատակով:
Համաձայն հուշագրի՝ երկու համալսարանները կգործակցեն կրթական, վերապատրաստման, հետազոտական ուղղություններով՝ երկուստեք ապահովելով վիրտուալ մասնակցություն դասախոսությունների, փորձի փոխանակում, գիտաժողովներին, սիմպոզիումներին, սեմինարներին հրավերներ գիտնականներին՝ վիրտուալ մասնակցությամբ, տեղեկատվության փոխանակում երկու համալսարաններին հետաքրքրող ոլորտների վերաբերյալ:
Ճշմարտության և արդարության կենտրոնի հավաստմամբ՝ համագործակցությունը հանդիսանում է 2022թ. հունիսին Երևանում կենտրոնի կողմից կազմակերպված մարդու իրավունքների միջազգային համաժողովի անմիջական արդյունք:
«Մեր նպատակն է միավորել ողջ աշխարհի հակամարտության գոտիներում մարդու իրավունքներով և սոցիալական արդարության հարցերով զբաղվող պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին: Մենք անհամբերությամբ սպասում ենք հնարավորության Արցախի մասին տեղեկանալու և համագործակցության զարգացման հնարավորության սահմանում տեղեկատվություն ստանալու», – նշել է Այովայի համալսարանի դեկան Գանիմը:
«Արցախի պետական համալսարանի համար անչափ կարևոր է այսպիսի յուրահատուկ համագործակցությունը այնպիսի հեղինակավոր համալսարանների հետ, ինչպիսին Այովայի համալսարանն է, հատկապես այս դժվար ժամանակներում, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, և նման համագործակցությունները հնարավորությունների պատուհան են բացում քաղաքացիական աշխարհի համար», – նշել է Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը՝ փոխըմբռնման հուշագիրը ստորագրելիս։