Արցախի պետական համալսարան
Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղն ըստ որոշ պատմագիտական աղբյուրների՝ գոյություն ուներ դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Հենց անվանումն էլ կապված է երկրամասում քրիստոնեության տարածման գործընթացի հետ: Թեպետ խորհրդային ժամանակաշրջանում բնակավայրը զուգահեռաբար կոչվում էր Չանախչի, սակայն ինքնին այդ անվանումն ունի հայկական ծագումնաբանություն, որովհետև հայերենում ,,չանախ,, նշանակում է լայն բերանով ափսե, որի մեջ համադամ կերակուրներ են պատրաստում: Ավետարանոցը ժամանակին մելիքանիստ գյուղ է եղել, որի մասին բազում վկայություններ կան հայ և օտարազգի պատմաբանների ու հետազոտողների գիտական ուսումնասիրություններում: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ավետարանոցն ի թիվս մյուս արցախյան բնակավայրերի՝ գերեվարվեց ազերիների կողմից, իսկ գյուղի բնակիչները՝ շուրջ 1235 հոգի, բռնատեղահանվեցին: Ներկայումս ավետարանոցցիները ժամանակավորապես բնակվում են Արցախի տարբեր բնակավայրերում, իսկ մի ոչ ստվար մասն էլ հանգրվանել է Հայաստանի Հանրապետությունում:
Քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի դեմ մղված մարտական գործողություններին մասնակցում էին նաև Ավետարանոց գյուղի ինքնապաշտպանական ջոկատի անդամները: Ինչպես նախորդ դարի 90-ական թվականների պատերազմի ժամանակ, այս անգամ էլ եղան ազատագրական մարտերում զոհվածներ: Ահա այդ հերոսացած անունները` Մավրիկ Վասիլիի Մայիլյան Արամ Մելսիկի Բաբայան Մհեր Տիմոֆեյի Բաղդասարյան Գևորգ Մուրադի Համբարձումյան Գագիկ Հենրիխի Պետրոսյան Գուրգեն Գառնիկի Մնացականյան Վրեժ Ռաշիդի Բալայան Արմենակ Սմբատի Մադաթյան Թուրք-ադրբեջանական զինված կազմավորումների կողմից գյուղը բռնազավթվեց 2020 թվականի հոկտեմբերի 27-ին: Դա այնքան անսպասելի էր, որ բնակիչներն իրենց հետ ոչինչ դուրս տանել չհասցրին, նրանք զանգվածային հրետակոծման ու գնդակոծման տակ հուսահատ լքեցին հայրենի օջախները: Բնակիչների տարհանման ընթացքում, առաջացած խուճապի հետևանքով, վեց հոգի չհասցրին նախքան ասկյարների ներխուժումը դուրս գալ գյուղից: Նրանք հինականում թոշակառուներ էին, որոնք ունեին առողջական խնդիրներ: Դա, սակայն, չխանգարեց հրոսակներին՝ անմարդակային ձևով հաշվեհարդար տեսնելու անմեղ մարդկանց հետ: Տեղի ունեցան մարդու հիմնարար իրավունքների այնպիսի կոպտագույն խախտումներ, ինչպիսիք են ռասայական խտրականության շարժառիթով դիտավորյալ կյանքից զրկելը, կտտանքների ենթարկելով՝ անզեն մարդկանց գերեվարելը, ուրիշի ունեցվածքը ոչնչացնելն ու անխնա թալանելը: Սահմռկեցուցիչ էր Ավետարանոց գյուղի բնակիչ Բորիս Բաղդասարյանի նկատմամբ իրականացված ոճիրը: Անգթորեն գլխատելով կենդանի մարդուն, ազերիները նրա խոշտանգված մարմինը թողել են գյուղամիջում ընկած, իսկ գլուխն իրենց հետ տարել՝ ադրբեջանական ժողովրդին ցուցադրելու համար: Միևնույն ժամանակ, հրոսակներն իրենց հետ գերի են տարել վեց խաղաղ բնակչի՝ դարձյալ դաժան կտտանքների ենթարկելով նրանց: Հետագայում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից համատեղ ընդունված Հայտարարությունից հետո, երեք գերիների ու մեկ հոգու մահացած մարմինը վերադարձվել է հայկական կողմին, իսկ երկու հոգու ճակատագիր առ այսօր անհայտ է: Սեդրակ Բալասանի Պետրոսյան Արեգա Թավադի Շահգելդյան Վալերի Պողոսյան Էդուարդ Աբգարի Շահգելդյան(մահացած) Կարեն Սեդրակի Պետրոսյան(անհայտ) Մաքսիմ Եղիշեի Գրիգորյան(անհայտ) Ադրբեջանցիները դաժանորեն են վարվել նաև մարտական գործողությունների ժամանակ զոհված ավետարանոցցիների աճյունների նկատմամբ: Նրանք երկար ժամանակ հրաժարվում էին աճյունները վերադարձնել հայկական կողմին, և միայն տևական ժամանակ անց, համառ բանակցություններից հետո, հաջողվեց ստանալ աճյուններն ու հուղարկավորել: Ադրբեջանական զինված ուժերի կողմից Ավետարանոցում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ են արձանագրվել նաև հոգևոր-մշակութային ոլորտում: Մասնավորապես, հակառակորդի վերահսկողության տակ է անցել Կուսանաց անապատի տարածքում տեղադրված՝ Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այդտեղ միաժամանակ կանգնեցվել է արցախյան առաջին ազատամարտում նահատակված քաջորդիների հիշատակին նվիրված հուշարձան: Տելեգրամյան ալիքներում այսօր տեսագրություններ են շրջանառվում ադրբեջանցի զինվորականների կողմից սրբավայրը պղծելու, տապանաքարերն ու եկեղեցու կահ-կարասին ջարդելու դրվագներով: Նման վանդալիզմը արժանի է միջազգային հանրության պարսավանքին, ինչը, կարծում ենք, շատ չի ուշանա:
Հեղինակ՝ Իլոնա Բաղդասարյան