Արցախի պետական համալսարան

Փետրվարի 28-ին Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է միջոցառում, որը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ 1988 թ․ փետրվարի 26-28-ը Սումգայիթում ադրբեջանական իշխանությունների կազմակերպած ցեղասպանության անմեղ զոհերի։ Ադրբեջանում ապրող հայերի նկատմամբ իրագործած էթնիկ զտումներին, ըստ պաշտոնական տվյալների, զոհ են դարձել տասնյակ հայեր, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ հարյուրավոր, հազարավորներ էլ բռնի տեղահանվել։

 
«Սումգայիթյան ոճրագործություն․ պատմություն, որը պետք է իմանալ» խորագրով գիտաճանաչողական ընթերցումների ձևաչափով միջոցառումը նախաձեռնել էր պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ․գ․թ․, դոցենտ Նունե Սարումյան։ Ներկա էին ֆակուլտետի դեկանը, ամբիոնի դասախոսներ և ուսանողներ։
Դեկան, պ․գ․թ․, դոցենտ Արմինե Առստամյանի խոսքով՝ պետք է պատմությունից դասեր քաղել, անցյալի սխալները չկրկնելու համար, հայ ժողովրդի իմաստնությամբ, ստեղծարար մտքի շնորհիվ կառուցել նորը՝ չմոռանալով անցյալը, բայցև միաժամանակ ազատվել ցեղասպանվողի բարդույթից, որովհետև, ըստ նրա, այն ազդում է ոչ միայն ցեղասպանությունն իր վրա անմիջապես կրած սերնդի, այլ նաև՝ հետագա սերունդների վրա։
 
Պ․գ․թ․, դոցենտ Իսկուհի Ավանեսյանի խոսքով՝ ցեղասպանությունների չդատապարտումը ծնում է նոր ցեղասպանություններ։ Ըստ նրա՝ պետք է պահանջատեր լինել, որպեսզի միջազգային հարթակներում սումգայիթյան ջարդերին տրվեն իրավական, քաղաքական գնահատականներ։
Միջոցառման նախաձեռնող Նունե Սարումյանը դասախոսությամբ ուսանողներին ներկայացրել է սումգայիթյան ջարդերը, պատմաքաղաքական իրողությունները, միջազգային արձագանքները՝ ընդգծելով, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայության հանդեպ էթնիկ զտումներ իրականացնելու իր քաղաքականությունը՝ Արցախի 120 000 բնակչությանը շրջափակման մեջ պահելով ամիսներ շարունակ և զրկելով կենսական անհրաժեշտ իրավունքներից։
 
«Ադրբեջանն ի սկզբանե նպատակ ուներ այդ ջարդերը Ստեփանակերտում իրականացնել՝ լռեցնելու 88-ին սկիզբ առած Արցախյան շարժման ալիքը։ Ես այդ օրերի ականատես մասնակիցն եմ։ Ներկա իրողություններում մեր փրկությունը մեր ժողովրդի միասնական լինելու մեջ է, ինչպես 88-ին էինք միասնական։ Ինչպես մեր մեծերն են պատգամել, միասնականությամբ մենք կկարողանանք հաղթահարել մեր բոլորիս առջև ծառացած խնդիրները»,-նշել է նա՝ հավելելով, որ պետք է Արցախի ինքնորոշման իրավունքի համար պայքարը շարունակել, որովհետև թուրքական իշխանությունը պատմության ընթացքում և հիմա շարունակում է հայերից ազատվելու, Արցախը հայաթափելու քաղաքականություն վարել, փաստերը բազմաթիվ են։
Միջոցառմանն ուսանողները ևս հանդես են եկել զեկուցումներով՝ անդրադառնալով սումգայիթյան ջարդերի միջազգային արձագանքներին, ջարդերի ընթացքին, էթնիկ զտման շարունակականության էությանը, ջարդերի իրավական, քաղաքական կողմերին։