Արցախի պետական համալսարան
Ցավով տեղեկացանք Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի հիմնադիր, ռեկտոր, բ.գ.դ. պրոֆեսոր, գրականագետ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի մահվան մասին:
Մեծ է Վարդան Հակոբյանի ավանդը Արցախի պետականաշինության, հայրենիքի և գրականության զարգացման գործում։ ԼՂՀ պետական օրհներգի բառերի հեղինակը, արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչը նաև Արցախը Մայր Հայաստանին վերամիավորման մասին հայտնի նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն էր և նամակի տակ առաջին ստորագրողը։
Վարդան Հակոբյանի ավանդը մեծ է նաև Արցախի կրթության, գիտության զարգացման գործում։ Նրա ղեկավարությամբ Արցախից և ՀՀ-ից բազմաթիվ հետազոտողներ գրականագիտության ոլորտում պաշտպանել են թեկնածուական ատենախոսություններ։
Գրականությունն ու գրականագիտությունը մեծ մտավորականի կենսակերպն էր։ Նրա բանաստեղծական շարքերում ու գեղարվեստական բազմաժանր գործերի առանցքում հայրենիքն է՝ կորուստներով ու ձեռքբերումներով, տագնապներով ու ապագայի հանդեպ լուսավոր հավատով։
ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Վարդան Հակոբյանի հարազատներին, մտերիմներին, գրչընկերներին, պոեզիայի երկրպագուներին, կիսում կորստյան ծանր վիշտը:
Վարդան Հակոբյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում: