Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողները փորձուսուցման շրջանակում միջոցառում են կազմակերպել Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար մեկ դպրոցում։ Գրական-գեղարվեստական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով, երգ ու պարով։
Միջոցառումը նախաձեռնել են ուսանողուհիներ Հասմիկ Ավանեսյանը և Սյուզաննա Սահակյանը։ Նրանց խոսքով՝ առիթը գարնանամուտն էր։
«Աշխարհի բոլոր գարունները գեղեցիկ են և ունեն իրենց պատգամը՝ արարելու, վերապրելու պատգամ։ Բնությունը սեր է և գորովանք, այն սեր է սփռում ամենուր։ Մեր այս փոքրիկ միջոցառումը ներկայացնելով որպես ամփոփիչ խոսք`մաղթում ենք,որ մեր գողտրիկ հայրենիքում գարնանաբույր օրեր լինեն»,-նշել է Հասմիկը։
Միջոցառմանը ներկա էին նաև փորձուսուցման ղեկավարներ Վեհանուշ Սարգսյանը, Օֆելյա Աբրահամյանը, դպրոցի ուսուցիչներ, աշակերտներ, ուսանողներ։
Ուսուցչուհի Ալինա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին միջոցառում կազմակերպելու և հաճելի տրամադրություն պարգևելու համար՝ հույս հայտնելով, որ ապագայում ուսանողները կաշխատեն դպրոցում՝ որպես ուսուցիչներ։
Ուսանողներն էլ իրենց հերթին գոհունակություն են հայտնել դպրոցի ուսուցիչներից՝ փորձուսուցումն արդյունավետ անցկացնելու համար։