Արցախի պետական համալսարան

Արձագանքելով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի՝ կամավորական խմբեր ձևավորելու և պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանն աջակցելու կոչին՝ Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանն այսօր՝ մարտի 6-ին, հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ֆակուլտետների դեկաններ, ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողական ինքնավար կառույցների պատասխանատուներ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, կարևորելով համալսարանականների կամավորական ու հանրօգուտ աշխատանքը և պետության կողմից իրականացվող մարդասիրական ծրագրերի իրագործմանն աջակցելու անհրաժեշտությունը, նշել է, որ համալսարանի ուսանողությունն ունի նմանատիպ ծրագրերի մասնակցության բավականին փորձ:
Խորհրդակցության ընթացքում ռեկտորի կողմից ստորաբաժանումների ղեկավարներին և ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատուներին տրվել են հստակ հանձնարարականներ՝ ուսանողներից կամավորական խմբեր ձևավորելու և ըստ անհրաժեշտության մարդասիրական տարբեր ծրագրերի իրագործմանն աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ուսանողական ինքնավար կառույցների ներկայացուցիչներն իրենց հերթին այդ աշխատանքներին կամավորագրվելու և իրենց նպաստը բերելու պատրաստակամություն են հայտնել՝ նշելով, որ արդեն ձևավորված խմբեր ունեն, կամավորագրման աշխատանքները կշարունակվեն:
Սիրելի՛ ուսանողներ, կամավորագրվելու համար կարող եք դիմել ֆակուլտետների ուսանողական խորհուրդների ղեկավարներին կամ դեկանատ: