Արցախի պետական համալսարան

Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով հերոսաբար նահատակված ոստիկանների հիշատակին Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է միջոցառում։ Միջոցառումը մեկնարկել է լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած հերոսների։

Պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Ն. Սարումյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը գիտաուսուցողական դասընթաց էր՝ «Ջարդեր և պայքար» խորագրով, որի ընթացքում ուսանողները հանդես են եկել թեմատիկ զեկուցումներով։
Միջոցառմանը Ն. Սարումյանը նշել է, որ արցախահայության համար ստեղծված այս լարված պայմաններում դասընթացը կարևոր նշանակություն ունի և հետապնդում է մի նպատակ. «Երիտասարդ սերնդին նորից վկայակոչել պատմության անցած ուղին` հիշեցնելով, որ իր գոյության ընթացքում հայ ժողովուրդը իր անվտանգությունը ապահովելու համար դիմել է ինքնապաշտպանական գործունեության և կարողացել հայրենիքի պաշտպանության դիրքերում ցուցաբերել հերոսություններ։ Այսօր մեր առջև ինքնապաշտպանվելու խնդիրն է ծառացել, այսօր մենք բազմաթիվ զոհերի գնով կարողանում ենք մեր անկախ գոյակցությունը ապահովել»։
Ն. Սարումյանը, կարևորելով հայ ազատագրական պայքարի և նրա գործիչների դերը հայ ժողովրդի գոյապայքարում, ընդգծել է, որ գոյապահպանման խնդիրը այսօր էլ իր արժեքայնությունը չի կորցրել, և ինչպես արցախահայությունը, այնպես էլ ողջ հայությունը կանգնած է լինել-չլինելու փաստի առջև, և օրվա հրամայականը միասնականությունն է ու պայքարը։