Արցախի պետական համալսարան

Ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է Արցախի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի երկարամյա վաստակ ունեցող դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մելս Վաչագանի Մինասյանը:

Մեծ է Մելս Մինասյանի ավանդը համալսարանի զարգացման և «Ֆիզիկա» մասնագիտության կայացման գործում: Նա իր մասնագիտական կարողությունների և մարդկային որակների շնորհիվ վայելում էր գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը:

Մելս Վաչագանի Մինասյանը ծնվել է 1940 թ. մարտի 18-ին Ստեփանակերտ քաղաքում:
1947-1957թթ. սովորել ք. Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում, 1959-1964թթ.` Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում:
1991թ.-ին ՀՀ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «էլեկտրա-ակուստիկ երևույթը մետաղ կիսահաղորդիչ կոնտակտում (Ge, Si)» թեմայով և ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
1957-1959թթ․-ին աշխատել է էլեկտրամոնտաժման բրիգադում, ք․Ստեփանակերտում:
1965-1966թթ.-ին ծառայել է խորհրդային բանակում:
1967-1972թթ․-ին աշխատել է Երևանի Հայկական Պետական մանկավարժական ինստիտուտի տեսական ֆիզիկայի ամբիոնում:
1972-1992թթ․-ին զբաղվել է գիտահետազոտական գործունեությամբ՝ համակցելով մանկավարժական աշխատանքի հետ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում։ Զբաղեցրել է գիտաշխատողի, խմբի ղեկավարի և ավագ գիտաշխատողի պաշտոններ։
1993թ․-ից աշխատում էր Արցախի պետական համալսարանի ֆիզիկայի ամբիոնում:
1993-1996թթ.-ին համատեղելով դասախոսական աշխատանքի հետ՝ Մ. Մինասյանը զբաղեցրել է ԱրՊՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտորի պաշտոնը:
1994-1998թթ.-ին համատեղելով՝ ղեկավարել է ԱրՊՀ-ի ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի գիտական թեմատիկան:
1999-2002թթ․-ին համատեղելով դասախոսական աշխատանքի հետ՝ զբաղեցրել է ԼՂՀ ԿԳՆ բարձրագույն և միջին մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչի պաշտոնը:
Մելս Մինասյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր պինդ մարմնի ֆիզիկան, կիսահաղորդիչների ֆիզիկան: Համալսարանում դասավանդել է «Մոլեկուլային ֆիզիկա», «Ատոմային ֆիզիկա», «Միջուկի և տարրական մասնիկների ֆիզիկա», «Կիսահաղորդիչների ֆիզիկա», «Պինդ մարմնի ֆիզիկա», «Վիճակագրական ռադիոֆիզիկա» և ֆիզիկային վերաբերող այլ դասընթացներ:
Հեղինակել է «Ֆիզիկայի դասավանդման ուղեցույց», «Էլեկտրամագնիսականության ներածական դասընթաց» ուսումնամեթոդական ձեռնարկները, երեք տասնյակից ավելի գիտական հոդվածներ, զեկուցումներով մասնակցել մի շարք գիտաժողովների ու գիտական ծրագրերի:
Մելս Մինասյանն ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, «Ի.Հ.Աթայանի» անվան հուշամեդալով, «ԱրՊՀ 40» հուշամեդալով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վարչապետ» հուշամեդալով, Արցախի պետական համալսարանի «Ոսկե մեդալ» -ով:
 
Արցախի պետական համալսարանի ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներն իրենց զորակցություն են հայտնում Մելս Մինասյանի հարազատներին, մտերիմներին և կիսում կորստյան ծանր վիշտը: Մելս Մինասյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում: