Արցախի պետական համալսարան

Մարտի 20-ին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողների հետ, ովքեր երկշաբաթյա փորձուսուցում են անցնելու խորհրդարանում:

Ողջունելով ուսանողներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ արդեն ավանդույթ է դարձել տարբեր մասնագիտություններով ուսանողների փորձուսուցման կազմակերպումը երկրի օրենսդիր մարմնում: Նա ընդգծել է «Թարգմանչական գործ» մասնագիտության կարևորությունն ու կիրառական նշանակությունը և հորդորել ուսանողներին ամենօրյա աշխատանքով կատարելագործել գիտելիքները:
Հանդիպման ընթացքում Արթուր Թովմասյանն ուսանողներին է ներկայացրել խորհրդարանի կազմավորման պատմությունը, պետական կառավարման համակարգում օրենսդիր մարմնի դերը, խորհրդարանի առօրյա գործունեությունը և Սահմանադրությամբ Ազգային ժողովին վերապահված լիազորությունները:
Այնուհետև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գարիկ Ժամհարյանը, ընդունելով ուսանողներին, ներկայացրել է օրենսդիր մարմնի կառուցվածքի, մշտական հանձնաժողովների և խմբակցությունների աշխատանքների, օրենսդրական գործընթացների և ԱԺ գործունեությունը կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ տեղեկություններ:
Հանդիպմանը ներկա էր փորձուսուցման խմբի ղեկավար Նարինե Մինասյանը: