Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանում քննաշրջան է։ Երկրորդ կիսամյակի առաջին փուլի ստուգումները մեկնարկել են մարտի 20-ից և կտևեն մինչև մարտի 31-ը։
Ուսումնական գործընթացի վերահսկման բաժինը համակարգչային եղանակով ստուգումներն անցկացնելու աշխատանքները կազմակերպում է արդյունավետ՝ հաշվի առնելով հովհարային անջատումների գրաֆիկը և դասագործընթացին չխանագարելու հանգամանքը։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի խոսքով՝ այս տարբերակն իր առավելությունն ունի նաև, քանի որ քննությունների անցկացումը պարապմունքների հաշվին չեն կազմակերպվում, այլ՝ դասերից հետո, արդյունքում ուսումնական գործընթացը բնականոն ընթանում է։
Ըստ պատասխանատուի՝ ուսանողներն իրազեկված են իրենց իրավունքների և պարտականությունների, համապատասախան կանոնակարգերի մասին, այդ թվում նաև` քննասենյակի կարգապահական կանոններին։
Գ. Սահակյանը հավաստիացնում է նաև, որ վերահսկվում են դասախոսների կողմից թեստերի մուտքագրման ընթացքն ու դրանց որակը: Նրա խոսքով՝ պարբերաբար թարմացվում են թեստերը, ենթարկվում փորձաքննության և անհրաժեշտության դեպքում ամբիոնների վարիչների վերահսկողությամբ կատարվում շտկումներ։