Արցախի պետական համալսարան

Հարցազրույց Արցախի հանրային հեռուստատեսության «Օր» լրատվական ծրագրի գլխավոր խմբագիր Նորայր Հովսեփյանի հետ:

-Ինչպիսի՞ տեղեկատվական քաղաքականություն է վարում Արցախի հանրային հեռուստատեսության լրատվական բաժինը: Կա՞ հստակ ձևակերպում, որով կարող ենք ասել, որ «Օր» լրատվական ծրագիրը վարում է այսպիսի տեղեկատվական քաղաքականություն:

-Արցախի հանրային հեռուստատեսության տեղեկատվական քաղաքականությունը, որպես այդպիսին, դժվար է առանձնացնել, որովհետև այն պետք է դիտարկել պետության ընդհանուր տեղեկատվական քաղաքականության մեջ: Հանրային հեռուստատեսությունը, պարզապես այդ քաղաքականությունը իրականացնող հարթակներից մեկն է: Աշխատում ենք այն նույն տրամաբանությամբ, ինչպես մեր պետական տեղեկատվական քաղաքականությունն է:

-Ի՞նչ տրամաբանության մասին է խոսքը, ի՞նչ է իրենից ներկայացնում այդ տրամաբանությունը:

-Ներկայացնել Արցախը, ներկայացնել այն, ինչ հետաքրքիր է արցախցիներին, ներկայացնել այն մեսսիջները, որոնք Արցախը հղում է աշխարհին: Մեր խնդիրն այդ ամենը փաթեթավորած և հնարավորինս մատչելի ներկայացնելն է: Մենք մեր անելիքները պլանավորում ենք այդ նույն քաղաքականության շրջանակներում: Դրանք տարբեր էպիզոդներում փոխվում են, տարբեր էպիզոդներում ունենում ենք տարբեր առաջնահերթություններ, բայց տրամաբանությունը դրանից չի փոխվում. Այդպես էր մինչև պատերազմը, այդպես էր պատերազմի ժամանակ, պատերազմից հետո, այդպես է նաև բլոկադայի պայմաններում:

-Տեղեկատվական քաղաքականության առումով հեռուստատեսության լրատվական բաժինը  լրիվությամբ կատարու՞մ է իր առջև դրված խնդիրները:

-Հանրային հեռուստատեսությունը և լրատվական բաժինը, մասնավորապես, ունի նաև որոշակի սահմանափակումներ: Պետական քաղաքականությամբ սահամանափակված շրջանակից դուրս գալու համար շատ հիմնավոր պատճառ պետք է ունենալ: Ունենք սահմանափակումներ ռազմական դրության հետ կապված, նախագահի հրամանագրով: Հրահանգներ կային կառավարությունից. ինչ թեմային ինչ չափով պետք է անդրադառնալ, ինչ թեմաների չի կարելի անդրադառնալ: Կարծում եմ՝ այս իրավիճակում գտնվող երկրի համար դա կարևոր է: Իհարկե, դրա արդյունքում դու դառնում ես պակաս սենսացիոն, հետևաբար՝ պակաս հետաքրքիր: Լավ կողմն այն է, որ ամեն դեպքում դու մնում ես վստահելի աղբյուր: Իրադարձության զարգացման մասին հազար տարբերակ լսողները, կարծում եմ՝ երեկոյան ժամը 20:00-ին  ուզում են տեսնել, թե դրա մասին ինչ է ասելու «Օր» լրատվականը:  Չէի ասի՝ ստեղծված իրավիճակը խանգարում է մեր աշխատանքին, պարզապես դու աշխատում ես այդ իրավիճակում. հատկապես լրատվական գործառույթ իրականացնող լրատվամիջոցները ոչ թե ինչ-որ իրավիճակից նեղվում կամ ուրախանում են, այլ աշխատում են տվյալ իրավիճակին համապատասխան։ Եթե այդ պահին խաղաղ շրջան է, լրատվականը խոսելու է գարնանացանի, դպրոցների, մանկապարտեզների մասին, պատերազմական պայմաններում խոսելու է ռազմական իրավիճակի մասին։ Իրավիճակները փոխվում են, լրատվական բաժինը պետք է պատրաստ լինի ցանկացած իրավիճակում աշխատելու, պողպատե կանոններ չկան։  

-Ո՞ր լուրերը, հաղորդագրությունները, հայտարարություններն են անկասկած եթեր գնում։ Կա՞ն հայտարարություններ, լուրեր, հաղորդագրություններ, որոնք կասկածում եք եթեր տա՞լ, թե՝ ոչ, կհստակեցնե՞ք։

-Կասկածելով ոչինչ եթեր չենք տալիս։ Եթե անգամ դու հանրայինի լրագրող չես, պարտավոր ես ճշտել լուրի իսկությունը, հետո մատուցել։ Դա նույնն է, որ ռեստորանի աշխատողը հյուրին սունկ առաջարկի և միայն ուտելուց հետո ճշտի՝ այն թունավոր է, թե ոչ։ Լրագրողը պետք է իմանա՝ ինչ է մատուցում. սա լրագրողի  պարտքն է։ Հանրայինում դա ունի լրացուցիչ պատասխանատվության բաժին, հարկ եղած դեպքում լուրը ստուգվում է 1, 2, 3 անգամ։ Ստուգումների արդյունքում լուրը կարող է եթեր գնալ մեկ ժամ ուշացումով, բայց ստուգելը պարտադիր պայման է, հանրայինը չճշտված տեղեկություն տարածելու իրավունք չունի։ Պաշտոնական հաղորդագրությունների դեպքում, եթե դրանք շատ կասկածելի են լինում, այո՛, ճշտում ենք՝ այն տարածել է պաշտոնական աղբյուրը, թե՞ մեկ ուրիշը նրանց անունով։

-2020-2022 թթ-ին Արցախում և Արցախի շուրջ բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունեցել՝ սահմանային էսկալացիաներ, բլոկադա, հումանիտար և էներգետիկ ճգնաժամ։ Ինչպե՞ս է փոխվել հեռուստատեսության լրատվական բաժնի գործառույթը այս ամենի համապատկերում։

-Լրատվական բաժնի գործառույթները մնացել են նույնը։ Փորձել ենք դառնալ ավելի ճկուն։ Հաշվի առնելով նաև 2020 թ.-ի պատերազմի փորձը՝ մեր ներքին աշխատանքներում կարգավորել ու կազմակերպել ենք ինչ որ բաներ, որպեսզի հարկ եղած դեքում կարողանանք ավելի օպերատիվ աշխատել։ Լրատվական բաժնում աշխատող յուրաքանչյուրը ունի տարբեր իրավիճակներում անելիքների իր ցանկը։ Այդ մասով որոշակի փոփոխություններ կան, բայց տեղեկատվությունը հավաքելու և հաղորդելու մասով շատ բան չի փոխվել։ Հաշվի ենք առնում, որ պատերազմից հետո թշնամին մեզ անհամեմատ ավելի մոտ է գտնվում, հաշվի ենք առնում, որ ցանկացած թեմայով մեր ասելիքը կարող է լինել ավելի զգայուն։ Եթե մինչև պետերազմը Ստեփանակերտի արվարձանների մասին տեսանյութ պատրաստելը խնդրահարույց չէր, այսօր, երբ թշնամին արդեն այդ արվարձաններից շատ չի հեռու, այնտեղից տեսանյութ պատրաստելու համար երկու անգամ ավելի շատ ենք մտածում՝ ինչպե՞ս անել,  անե՞լ, թե՞ չանել, այն ավելի շատ օգո՞ւտ կտա, թե՞ վնաս։  Կան որոշակի նրբություններ, կան նոր սահմանափակումներ։ Ես նշեցի Ստեփանակերտի օրինակը, բայց թշնամին շատ մոտ է նաև մի շարք այլ բնակավայրերի։ Այս բնակավայրերի առօրյան լուսաբանելու հարցում փորձում ենք լինել ավելի զգույշ, փորձում ենք լարվածության նոր առիթներ չստեղծել, չգրգռել թշնամուն, մեր աշխատանքով այդ բնակավայրի բնակիչներին թիրախ չդարձնել։ Երբեմն գայթակղությունը շատ մեծ է եթեր տալու համար այն, որ X գյուղի դպրոցում աշխույժ աշխատանքային պրոցես է, երեխաները առանց վախի դպրոց են գնում, բայց հապաղում ես, երբ մտածում ես, որ այդ ռեպորտաժի պատասխանը կարող է լինել գյուղի կամ դպրոցի թիրախավորումը։ Այս դեպքում եթերն է տուժում, մենք մի լավ տեսանյութ եթեր չտվեցինք, բայց երբ կշեռքի նժարին այսպիսի հարց է, իհարկե մարդկանց համար խնդիրներ չստեղծելն է լավագույն տարբերակը։ Կամ այսպիսի մի դեպք. գարնանացան է՝ ադրբեջանական դիրքերից 100, երբեմն 50 մ հեռավորության վրա, նկարահանե՞լ, թե՝ չէ։ Չգրված սահամափակումները դու ես արդեն որոշում։

-Ըստ էության՝ խոսեցիք պատերազմից առաջ եղածի ու հետոյի տարբերության մասին։ Իսկ բլոկադան ի՞նչ խմբագրումներ է մտցրել լրատվական բաժնի գործառույթում։

-Խմբագրումներ ունեցանք առաջնահերթությունների հարցում, ունեցանք մեր աշխատանքները կազմակերպելու հնարավորության նոր սահմանափակումներ։ Եթե նախկինում մեզ համար այդքան էլ մեծ խնդիր չէր ամեն օր գնալ շրջաններ, հեռավոր բնակավայրեր, ապա բլոկադայի պայմաններում, նաև վառելիքի սակավությունը հաշվի առնելով, այդ այցելություններն անհամեմատ քիչ են դարձել։ Դա նաև եթերին է ազդում։ Հաշվի են առնվում նաև այն, որ լրատվական բաժնի աշխատակիցներս նույնպես ունենք այն բոլոր խնդիրները, որոնք ունի պաշարված Արցախի բնակչությունը։ Պետք է այդ մարդկանց հնարավորություն ընձեռել իրենց հոգսերով զբաղվելու համար։ Իսկ աշխատանքի առաջնահերթություններում, ռեժիմում էական փոփոխություններ չունենք։

-Իսկ եթերաժամո՞ւմ:

-Եթերաժամերում փոփոխություններ ունենում ենք՝ ըստ անհրաժեշտության։ Պատերազմի ժամանակ աշխատում էինք շուրջօրյա։ Լարվածությունից լարվածություն, ըստ անհրաժեշտության, մեկ օր, երկու օր, մեկ, երկու շաբաթ  աշխատում ենք շուրջօրյա կամ փոփոխված գրաֆիկով՝ 8 ժամի փոխարեն, օրինակ՝ 10-12 ժամյա գրաֆիկով։ Բլոկադայի սկզբնական շրջանում ևս աշխատեցինք փոփոխված գրաֆիկով, որովհետև այդ շրջանում տեղեկատվական դաշտն ավելի ակտիվ էր, այդ տեղեկատվությունն արտահանելու, աշխարհին ներկայացնելու խնդիրն ավելի սուր էր դրված, իսկ հիմա «սովորական» ռեժիմով ենք աշխատում՝ պատրաստ ըստ անհրաժեշտության եթերաժամը վերանայելու, արտահերթ եթերներ դուրս գալ։

Հարցազրույցը՝ Ասպրամ Ավանեսյանի, «Լրագրություն», 4-րդ կուրս