Արցախի պետական համալսարան

Արարատին նայող ամեն մի օտարերկրացու հայը պետք է պատասխանի. « Տապա՞նն ես փնտրում: Բայց չէ որ դա մենք ենք, որ չնայած հալածանքներին ու փորձություններին, դեռևս լողում ենք...». Ալերամո Հերմետ

Այո, մենք մեր տապանում ենք: Մենք պարտավոր ենք աշխարհին ներկայանալ ոչ միայն մեր հնամենի պատմությամբ, այլև ազգի ճակատագրի հանդեպ թախծոտ ծանրություն ուսած մեր եղեռնազարկ անցյալով և քաղաքակիրթ ներկայով, որին պահ տվեցիք մեր պապենական երկրի և բազմաչարչար ժողովրդի գալիքի հունդերը:

Այսօր էլ աշխարհի աչքը փակ ու ականջը խուլ է մնում մեր բազմապատկվող ցավի դիմաց: Եվ համր ձևանալով շարունակում թշնամու չարակամ ծրագրերի հետ մեկտեղ լուռ քայլել մեր կողքով:

Ասում են ազգերն ու ժողովուրդները գոյատևում են իրենց  յուրօրինակ ինքնությամբ ու ինքնատիպությամբ: Բայց կան հետքեր, որ երբեք չեն ջնջվի:

Արյունոտ եղեռն: Երբ թուրք փաշաների յաթաղանը փայլատակեց անմեղ ժողովրդի գլխին: Մազապուրծ փախած հայը գտավ գոյատևելու բանաձևն ու կրկին ընձյուղվեց, սածիլվեց, արմատավորվեց, բերքավորվեց: Նրա խոսուն գենի վրա դրոշմվեցին հինավուրց պատմության անջնջելի հետքերը: Չդատապարտված ոճիրը դարձավ մշտական վտանգ՝ սերունդների համար: Անմոռուկի աչքերով աշխարհը դիտարկող եղեռնազարկ սերունդը առ այսօր էլ թարմ է պահում անցյալից ժառանգած ցավն ու ոճիրը, և թմբկահարելով քարացած սրտով մարդու ականջները՝ կրկնում. «Հիշում ենք և պահանջում ...»:

Խաչատրյան Սվետլանա

ՏՄՄ 1-ին կուրս