Արցախի պետական համալսարան

Մարտի 30-ին ԱրՊՀ-ում բնագիտական ֆակուլտետի մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել օլիմպիադա «Մաթեմատիկա» առարկայից, որին մասնակցել է հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանների մոտ երեք տասնյակ աշակերտ։

Բնագիտական ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանի խոսքով՝ օլիմպիադայի նպատակները դպրոցականների շրջանում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրություն առաջացնելն ու զարգացնելն է, մասնագիտական կողմնորոշմանը նպաստելը, ինչպես նաև բուհ-դպրոց կապի ամրապնդումը:
Օլիմպիադայի ավարտից հետո նախատեսվում է աշակերտների շրջայց համալսարանում, որի ընթացքում դասախոսները նրանց կծանոթացնեն համալսարանի կառուցվածքին, հնարավորություններին, գործող կրթական ծրագրերին:
Մաթեմատիկայի և ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ. Գայանե Պետրոսյանի խոսքով՝ օլիմպիադաներին հիմնականում մասնակցում են տվյալ առարկայից խորը գիտելիքներ ունեցող աշակերտները, հետևաբար օլիմպիադաների անցկացման արդյունքում հնարավոր է պարզել աշակերտների համար դպրոցական դասընթացի դժվար յուրացվող բաժինները, որի ուղղությամբ էլ կպլանավորեն հետագա աշխատանքները:
Ըստ պատասխանատուների՝ առաջիկայում կամփոփվեն օլիմպիադայի արդյունքները և կպարգևատրվեն մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները։