Արցախի պետական համալսարան

Հարցազրույց Արցախի հանրային ռադիոյի տնօրեն Տաթև Խաչատրյանի հետ։

-Արցախի հանրային ռադիոն հարթակ է, որի միջոցով նաև պետությունը վարում է իր տեղեկատվական քաղաքականությունը: Այս առումով ի՞նչ տրամաբանությամբ է աշխատում հանրային ռադիոն: Խոսքը և՛ հաղորդումների և՛ լրատվական բաժնի մասին է:

-Հանրային ռադիոն գործում է օգնելու տրամաբանությամբ։ Օգնել և` հասարակությանը, և՛ պետությանը։ Հասարակությանը հուզող հարցերն ենք բարձրաձայնում, խնդիրներն ենք վեր հանում, մեր հերոսների հետ փորձում գտնել խնդիրների լուծման տարբերակները։ Այս ամենը հրապարակելով էլ՝ օգնում պետությանը։

-Ի՞նչ սկզբունքով է աշխատել հանրային ռադիոն, մասնավորապես, 2020-2022թթ: Ռադիոյի տեղեկատվական քաղաքականության առաջնահերթությունները որո՞նք են։

-2020-2022թթ. հանրային ռադիոն, ինչպես և բոլորն Արցախում, անընդհատ ստիպված է եղել հարմարվել երկրում ստեղծված իրավիճակներին` հետպատերազմական իրադրություն, սոցիալական խնդիրներ, սահմանային լարված իրավիճակներ, ռազմական բախումներ, հիմա էլ բլոկադա։ Պետք է և` ճշմարիտ խոսել, և` հուսադրել, և` փորձագետների կանխատեսումները ներկայացնել. ամենադժվարը այս ամենի ոսկե միջինը գտնելն է։ Ստացվու՞մ է, թե՞ չէ` հարցի հասցեատերը ռադիոլսողն է։

-Պատերազմը մի շարք խմբագրումներ է մտցրել նաև ռադիոյի գործունեության մեջ։ Ինչպե՞ս է աշխատել և աշխատում հանրային ռադիոն ռազմական դրության պայմաններում։

-Ռազմական դրության պայմաններում ռադիոն օբյեկտիվ պատճառներով ամենաօպերատիվն է։ Որպես լրատվամիջոց` ռադիոյի դերը հատկապես նման իրավիճակներում է կարևորվում։ Աշխատում ենք ամենաթարմ ու ստուգված լրատվությամբ մտնել եթեր։

-Պատերազմից առաջ և հետո, ինչպե՞ս փոխվեց ռադիոյի գործունեությունը։

-Պատերազմից առաջ մարդկանց մոտ թյուր կարծիք կար, որ ռադիոն իրեն սպառել է։ Ցավոք, միայն պատերազմի ընթացքում շատերը հասկացան, որ ռադիոն պիտի գործի ու ոչ մի պահ չլռի։

-Ի՞նչ խմբագրումներ է մտցրել հանրային ռադիոյի կյանքում բլոկադան։

-Բլոկադայի խմբագրումները բազմաշերտ են։ Սկզբից ավելի շատ ներկայացնում էինք հաստատակամ մարդկանց, ոգևորող խոսք էինք հնչեցնում ձայնասփյուռով։ Հետո, երբ հասկանալի դարձավ, որ երկարատև հնարավոր է այն լինի, սկսել ենք խոսել նշմարվող խնդիրներից, խորհուրդներ ու հորդորներ հրապարակել։ Այս փուլում բլոկադան դարձել է առօրյա և` մարդկանց, և`, բնականաբար, լրատվամիջոցների համար։ Հիմա ամենակարևոր ու հրատապ լուծում պահանջող խնդիրն այն է, որ պատկան մարմինները խուսափում են խոսել, վախենում են հուսախաբել, թե` ինչ, չգիտեմ, բայց խոսել պետք է, ու խոսքը պետք է լինի մաքսիմալ անկեղծ։

-Կենտրոնանանք հաղորդաշարերի վրա։ Հաղորդաշարարերից որո՞նք են պետության տեղեկատվական քաղաքականության մաս համարվում։ Եվ ի՞նչ խնդիր են լուծում դրանք։

- Առանձին հաղորդաշար չի կարող և չպիտի համարվի տեղեկատվական քաղաքականության մաս։ Տեղեկատվական քաղաքականության բաղադրիչը ռադիոյի աշխատանքում երկու հարց է` ի՞նչ հաղորդել և ինչպե՞ս։ Մեր պատասխանը տրիվիալ է` հուսադրող ճշմարտություն։

-Ի՞նչ է քարոզում ռադիոն։ 

-Ռադիոն քարոզում է սեր։ Սիրել երկիրը` անկախ հանգամանքներից ու այդ սերը չպայմանավորել անձանցով։ Սիրել հայրենակցին, մշակույթը, պատմությունն առանց նախապայմանների։

 

Հարցազրույցը՝ Ասպրամ Ավանեսյանի, «Լրագրություն», 4-րդ կուրս