Արցախի պետական համալսարան

Հարցազրույց Արցախի հանրային ռադիոյի լրատվական բաժնի ղեկավար Յուլյա Վանյանի հետ։

-Պատերազմը խմբագրել է Արցախում կյանքի բոլոր ոլորտները, եթե համեմատելու լինենք պատերազմից առաջը և հետոն, Արցախի հանրային ռադիոյի լրատվական բաժնի գործունեության վրա ինչպե՞ս ազդեց պատերազմը։

-Ես մինչև պատերազմը որպես լրագրող էի աշխատում ռադիոյի լրատվական բաժնում։  Կոնտենտը բոլորովին այլ էր, այլ էին նաև տրամադրությունները։ Այժմ իրավիճակին համահունչ փոխվել է մեր նյութերի բովանդակությունը` գերակշռողը քաղաքական թեմաներն են։ Մենք ուշադրությամբ հետևում ենք ոչ միայն Արցախում, այլև Արցախի շուրջը տեղի ունեցող   իրադարձություններին,  այն թելերին, որոնցով կապված ենք աշխարհին։ Դա մեր եթերը պակաս բազմազան է դարձնում, իհարկե։ Գուցե սխալվում եմ, բայց դժվար թե այս իրավիճակում մարդկանց հետաքրքիր լինեն  թեթև, ժամանցային թեմաները։

 

-Պատերազմից հետո լրատվամիջոցների առջև ծառացած մարտահրավերներից կառանձնացնեի ևս մեկը։ Մենք շատ զգայուն ենք դարձել ցանկացած ինֆորմացիայի հանդեպ, այդ թվում՝ թշնամական երկրի կողմից տարածվող։   Պատերազմի ժամանակ և դրանից հետո մենք սկսեցինք հետևել   ոչ միայն հայկական, այլև ադրբեջանական տելեգրամյան ալիքների։   Մարդիկ կարդում են թշնամու տարածած՝ հաճախ իրականության հետ կապ չունեցող տեղեկատվությունը և այն բերում հայկական   դաշտ։ Մենք ստիպված ենք լինում նաև պայքարել այդ խնդրի դեմ։   Սա, գուցե, առանձին լրատվամիջոցի խնդիր չէ, թշնամական քարոզչությանը   պետք է հակազդել ավելի մեծ մասշտաբով,  ինչն էլ մեր ԱԳՆ-ն պարբերաբար անում է։ Բայց, կարծում եմ, չենք սխալվում, երբ փորձում ենք մեր լուման ներդնել  այս պատերազմում։ 

-Ստացվում է պատերազմը առաջնահերթություններ է փոխել՝  «Արցախ» լրատվականի եթերը հագեցնելով  քաղաքական բնույթի նյութերով։ Իսկ  ինչպե՞ս անդրադարձավ ռադիոյի եթերի վրա շրջափակումը։

-Շրջափակումն առաջին պլան է մղել սոցիալական խնդիրները, ինչը բավականին տխուր է։ Կարելի է կիսասոված էլ ապրել, եթե գիտակցում կա, թե ինչի համար ես պայքարում։

-Իսկ եթե այդ խնդիրները կենսական նշանակությա՞ն  են

-Իհարկե, այդ խնդիրներն անտեսել հնարավոր չէ, մենք պարբերաբար  անդրադառնում ենք դրանց։ Օրվա հացի խնդիր լուծող  քաղաքացին չի կարող մտածել ավելի գլոբալ հարցերի մասին, որոնք էլ հաճախ ծնում են օրվա հացի խնդիրը։ Ոչ ոք չի չեղարկել Հեգելի՝ հայտնի  «կեցությունը որոշում է գիտակցությունը» և «գիտակցությունը որոշում է կեցությունը» գաղափարները։ Դրանք  այնքան փոխկապակցված են միմյանց հետ։  Ես ուզում եմ, որ  մենք բարձրանանք սոցիալական  խնդիրների մակարդակից։

-Մենք փաստացի գտնվում ենք   տեղեկատվական պատերազմում։ Կասկածելի ու չճշտված տեղեկատվությունների շատ ենք հանդիպում։   Կա՞ հստակ ձևակերպում, որով  առաջնորդվում է  Արցախի հանրային ռադիոյի լրատվական բաժինը։

- Մենք առաջնորդվում ենք պետական տեղեկատվական քաղաքականությամբ։ Ազգային, պետական շահը գերակա է այս հարցում։  

-Հստակ ձևակերպում, որպես այդպիսին, չկա։ Կան կանոններ, որոնցով առաջնորդվում ենք,   սահմաններ, որոնցից ներս   աշխատում ենք։   Ես դա բնական եմ համարում։ Դրանք գոյություն ունեն, անգամ, ամենաազատական երկրներում, ուստի դրանք անհրաժեշտություն են ռազմական դրության մեջ գտնվող երկրներում։ Ես նույնիսկ կարծում եմ, որ այդ վերահսկողությունը  թե՛ մամուլում, թե՛ սոցիալական ցանցերում պետք է ավելի խիստ լինի։

-Ի՞նչ սահմանափակումների մասին է խոսքը։

-2022թ. ապրիլի 15-ին նախագահի հրամանագրով սահմանվել են ԱՀ տարածքում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները, որոնք մենք որպես ուղեցույց ենք ընդունում մեր  աշխատանքը կազմակերպելիս։   Ինչ-որ առումով միգուցե լրագրողական ջիղը տուժում է դրանից, բայց նաև պետք է հաշվի առնել այն պայմանները, որոնցում մենք ապրում և գործում ենք։

-Այդ սահմանափակումները ի՞նչ խնդիրներ են առաջացնում ընդհանուր խմբագրության աշխատանքում։ Միգուցե՞ եթերն են պակաս հետաքրքիր դարձնում։

-Եթերը ոչ հետաքրքիր դարձնողը  ոչ միայն սահմանափակումներն են, այլ նաև երկրում ստեղծված ընդհանուր մթնոլորտը։   Ներկայումս Արցախի հանրային ռադիոյի լրատվական բաժինը ձգտում է լուսաբանել և՛ անվտանգային ոլորտի զարգացումները, և՛ սոցիալական, և՛ հասարակական։ Իկարկե, զգալիորեն սեղմվել է հետաքրքրությունների շրջանակը։   Մեր եթերը հանրային կյանքի արտացոլանքն է։ Չի կարող էներգիայիով լիքը ռեպորտաժ լինել շրջափակման պայմաններում, երբ բոլոր մարդիկ ընկղմված են սոցիալական, անվտանգային հոգսերի մեջ։

-Ի՞նչ սկզբունքով է աշխատել հանրային ռադիոյի «Արցախ» լրատվական ծրագիրը, մասնավորապես  2020-2022թթ։ Այս ընթացքում ինչպե՞ս են փոխվել առաջնահերթությունները։  

-Եթե մի բառով ամփոփելու լինեմ,  2020-2022թթ. մենք առաջնորդվել ենք «չվնասելու» սկզբունքով։ Այսինքն,  մտածել ոչ միայն քո նյութի դիտելությունն ապահովելու մասին, այլ նաև  նյութի  հերոսի անվտանգության ու ռադիոլսողի մասին։ Օրինակ՝ երբ մեր նյութով կարող ենք թիրախավորել որևէ մարդու, մենք ձեռնպահ ենք մնում այդ նյունն անելուց։  Կամ ասենք, երբ շատ անորոշ իրավիճակներում մենք զանգահարում ենք հանրապետության ԱԺ տասնյակ  պատգամավորների, որպեսզի նրանց կարծիքն իմանանք այս կամ այն երևույթի, իրադարձության վերաբերյալ, և նրանք կա՛մ անհասանելի են լինում, կա՛մ հրաժարվում են պատասխանել, մեկ այլ իրավիճակում մենք գուցե հրապարակեինք այս ամենը, ինչը պահանջում է պրոֆեսիոնալ  լրագրությունը։   Բայց ռադիոլսողի առջև մեր ունեցած պատասխանատվությունից դրդված մենք հետ ենք կանգնում այդ քայլից։ Նման իրավիճակում, իհարկե, մենք վնասում ենք մեր հեղինակությունը, որովհետև ռադիոլսողին կարող է թվալ, թե մենք չենք դիմել, թերացել ենք մեր աշխատանքը կատարելուց։

Հարցազրույցը՝ Ասպրամ Ավանեսյանի, «Լրագրություն», 4-րդ կուրս