Արցախի պետական համալսարան

Մարտի 29-ին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Արցախի պետական համալսարանի (ԱրՊՀ) ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը և «ԼՂՀ ռուսական համայնք» հասարակական կազմակերպությունը Ստեփանակերտում կազմակերպել են «Ռուսաց լեզվի դասավանդումը Արցախի Հանրապետությունում» թեմայով կլոր սեղան, որը վերաբերում էր հայկական դպրոցում ռուսաց լեզվի դասավանդման և մանկավարժական փորձի տարածման հիմնախնդիրներին:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են Արցախի Հանրապետության դպրոցների և բուհերի ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչներ, դասախոսներ, պետական համապատասխան կառույցների ներկայացուցիչներ, մասնագետներ:
Բացելով միջոցառումը՝ պետական տեսուչ, ԿԳՄՍ նախարարության ռուսաց լեզվի գլխավոր մասնագետ Ռուբեն Օսիպովը մասնավորապես նշել է, որ ռուսաց լեզվի ավանդույթներն ու մշակույթը Լեռնային Ղարաբաղում միշտ պահպանվել և զարգացել են, տարածաշրջանը միշտ հայտնի է եղել ռուսաց լեզվի իր ուսուցիչներով, այսօր ևս հանրապետությունում պահպանվում է հարգալից վերաբերմունքը ռուսականի նկատմամբ:
Իր խոսքում Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Մինասյանը ընդգծել է միջոցառման արդիականությունը ինչպես մասնագիտական-մեթոդական, այնպես էլ հասարակական-քաղաքական առումով՝ հաշվի առնելով բարդ իրավիճակը, որում հայտնվել է հանրապետությունը Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով:
Կլոր սեղանի ընթացքում քննարկվել են հետևյալ թեմաները. «Ակտիվ մեթոդները, հնարքներն ու ձևերը ռուսաց լեզվի դասերին», «Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվի միասնական պետական քննության խնդիրների մասին», «Ռուսաց լեզվի օլիմպիադա. դրականի և բացասականի մասին»:
Անց է կացվել ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի 2008-2022թթ. միասնական պետական քննության արդյունքների համեմատական վերլուծություն: Քննարկումներ են ծավալվել ռուսաց լեզվի՝ որպես ոչ մայրենի լեզվի միասնական պետական քննությանը աշակերտներին նախապատրաստելու որոշ դժվարությունների, դպրոցական օլիմպիադայի նպատակների և օլիմպիադայի առաջադրանքների մշակման ընդհանուր պահանջների շուրջ:
Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ ընդգծելով Լեռնային Ղարաբաղում ռուսաց լեզվի դասավանդման բարձր մակարդակը և ռուսական խոսքի ու մշակույթի պահպանմանն ուղղված ջանքերը հանրապետությունում: