Արցախի պետական համալսարան

Արցախ…Ինչքան ցավ ու տառապանք, բայց միաժամանակ հաղթական շունչ կա այս աստվածային բառում: Արցախը շատ հին պատմություն ունի: Որպես Հին Հայաստանի անբաժանելի մաս հիշատակվում է ուրարտական սեպագրություններում: Արցախի տեղի և սահմանների մասին տեղեկություններ է հաղորդում հույն աշխարհագետ Ստրաբոնը: Նա Արցախը ճանաչում է որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը՝ Օրխիստինա (Արցախ) անունով: Երկրի սահմանների հյուսիսում Կուր գետն է, հարավում՝ Երասխը: Արցախը, ինչպես վկայում է աշխարհագետը, արտահանում էր մեծաքանակ պատերազմական ձիեր:                                                                                                                              

  Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ <<Արցախ>> նշանակում է Առանի ծառաստան: Ավանդության համաձայն՝ Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված նախարարն էր՝ Սիսակյան տոհմից: Առանը պատկանում էր Հայկ Նահապետի զարմին, ուստի և միջնադարյան պատմիչները Արցախի իշխաններին կոչում էին <<Հայկազանք>>:    Արցախի մասին կարելի է անվերջ խոսել, որովհետև Արցախն ու արցախցին երկար ու փշոտ ճամփա են անցել:   

Արցախը իմ դարավոր տունն է, իմ պապերի օրրանը, իմ չքնաղ երկիրը, ուր աշխարհի տարբեր անկյուններից գալիս են՝ ծանոթանալու նրա գեղատեսիլ վայրերին, վայելելու չնաշխարհիկ երկրամասի գույնզգույն տեսարանները, ծաղկած այգիների անուշիկ բույրը, զմայլվելու շրջապատող հրաշք անտառներով, սպիտակափառ լեռներով, սքանչելի մարգագետիններով: Սա մեր երկիրն է, որտեղ արարել ու կայացել են մեր մեծերը:   

       Սիրում եմ քեզ, ի՛մ Արցախ, սիրում եմ քեզ, իմ անառի՛կ ամրոց, որովհետև քաղցր մոր պես ինձ սնում ես, ու ես հասակ եմ առնում քո գրկում: Թող հնչի իմ խոսքը աշխարհից աշխարհ, թող ողջ աշխարհը ճանաչի քեզ, որովհետև ուղին մեր անշեղ է, գործը մեր՝ արդար: Որդիներդ անվախ են, անձնվեր, ունես հերոս զավակներ, որոնք սրբագործեցին քո պատմությունը: Քո որդիները պաշտում են քեզ, սիրում կյանքից առավել, նրանց հերոսական ոգին մղվում է ռազմի դաշտ՝ պաշտպանելու անգին հայրենիքը: Իմ Արցախի մասին ուզում եմ պատմել ու պատմել, որ ամբողջ աշխարհն իմանա: Եդեմական դրախտավայր է իմ չնաշխարհիկ Արցախը: Մեր փոքրիկ բուրաստանում ալ վարդեր, գույնզգույն մեխակներ, շուշաններ շատ կան, և այս դաշտավայրը թանկ է մեզ համար, քանզի նրա յուրաքանչյուր թիզ հող ներծծված է մեր հերոս տղաների արյունով: Մեր արծիվ տղաները սեփական արյունով են  <<ջրել մեր ծառերը, իսկ արյամբ ջրված ծառերը երբեք չեն չորանա>>:    

   Իմ հայրենիքը պիտի լինի ազատ ու անկախ, այն նաև իմ գյուղն է, իմ համալսարանը, այն հայերեն ղողանջող իմ Գանձասարն է, հորդառատ Թարթառն ու Խաչենն է, որոնք իրենց ափերին  կարծես պատմում են դարերից եկած պատմություններ, եղելություններ, իսկ երբ հորդառատ անձրևներից վարարում են, հեռվից նայողին կթվա, թե նրանք բողոքում են թշնամիներից, որոնք խանգարում են մեր հանգիստը, ուզում են ստի ու կեղծիքի, խավարի ու այլ միջոցներով պղծել մեր մաքուր պատմությունը, խաբել իրենց ժողովրդին, աշխարհին, տիրանալ ուրիշի պատմությանը, ունեցվածքին, բայց դա նրանց չի հաջողվի, որովհետև <<ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում>>: Տարիներ շարունակ Ադրբեջանը դաժան պայքար է մղում Արցախի դեմ: Ուզում է ջնջել հայի սուրբ անունը, ուզում է տիրանալ նրան, ինչն իրենը չէ: Անարդար պատմությունը կրկնվում է: Այսօր էլ Ադրբեջանը մեր դեմ կիրառում է հայասպան, հայակործան քաղաքականություն՝ շրջափակման մեջ պահելով հարյուր քսան հազար անմեղ բնակչի: Թաքնվելով <<բնապահպանի>> կեղծ դիմակի տակ՝ նրանք ուզում են էթնիկ զտման ենթարկել մի ողջ ժողովրդի, նրանց նպատակը Արցախը վերջնականապես հայաթափելն է: Ադրբեջանը խախտում է եռակողմ համաձայնագրի դրույթները, մեզ զրկում ապրելու իրավունքից: Այսօր ավելի քան հարյուր օր է, որ  նրանք փակել են Արցախի կյանքի ճանապարհը, Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը: Ադրբեջանը այսօր լեգալիզացնում է իր պիղղծ ներկայությունը մեր սուվերեն տարածքում: Մեր վիճակն օրհասական է, այսօր մենք կանգնած ենք լինել-չլինելու խնդրի առջև, այսօր մենք ադրբեջանական ցեղասպանության հերթական թիրախն ենք: Սա սարսափելի է, բայց մենք չենք հանձնվում: Ճակատը պինդ արցախցու համար սա հերթական փորձություն է, որը հաղթահարելու է հզոր արցախցին՝ հանուն իր նահատակների, հանուն սահմանին կանգնած իր զինվորի, հանուն այն մանուկների, որոնք կարոտ են մնացել մոր խնամքին, հոր ջերմությանը: Սա նրանք չեն մարսելու:Այսօր, երբ հարցը արցախցուն է վերաբերում, խիղճը մեռած աշխարհը լուռ է, համր է ու կույր: Նա չի խղճում այն տոկուն արցախցուն, որի երակներում գոյության կռիվն է հոսում, այն արցախցուն, որ պայքար է տալիս իր ամեն օրվա համար: Այսօր Արցախի երեսուն հազար մանուկներ հնարավորություն չունեն երազելու, փշրվել են նրանց բարի անուրջները, իսկ փշրանքները կորել  են՝ վերադառնալ չխոստանալով: Շա՜տ դժվար է մեր ուղին, շա՜տ, դժվար է ու փշոտ, բայց մենք, մեր անսահման ցավը սրտում, պայքարում ենք: Ճիշտ է, Արցախը դեռևս ճանաչված չէ միջազգայնորեն, բայց հավատացած եմ, որ այդ օրն էլ կգա, որովհետև Արցախի կողքին անսասան կանգնած է ամբողջ աշխարհի հայությունը:    

   Ես հպարտ եմ, որ այս սուրբ հողի մի մասնիկն եմ, կրողը, հետնորդը մեծ հաղթանակների: Մենք ամեն գնով պետք է պահենք, պաշտպանենք մեր թանկ նվաճումը՝ ազատ ու անկախ Արցախ աշխարհը, որովհետև հայրենիքն է միակ կարևորն ու թանկը, որի համար արժե կռվել ու մեռնել՝ առանց տատանվելու: Նախնիների սխրանքով են սնվել մեր ժամանակի հերոսները, նրանց ոգին էր թևածում ազատամարտիկների գլխավերևում, երբ ինքնամոռաց նետվում էին մարտի՝ թույլ չտալով թշնամուն պղծել մեր երկիրը: Արցախի բարի ու ստեղծագործ մարդիկ ամուր կանգնած են իրենց անառիկ բերդերի ու լեռների պես: Արցախում ապրելը պատիվ է, հպարտություն:    Ի՛մ Արցախ, դու այնքան հարազատ ես ինձ համար, այնքան սրտամոտ, որ ամեն անգամ, երբ խոսք է բացվում քո մասին, ես ակամա մոռանում եմ բոլոր դժվարությունները, խենթանում քո մայրական սքանչելի բուրմունքով: Դու, այո՛, միջնադարի մռայլ ու մութ ճանապարհներով քայլել ես առաջ, քայլել ես, հայրենի՛ք իմ, աչքերդ լուսաշող ապագային, ու այդ լույսը երբեք չի մարել քո սրտում: Այսօր, երբ հայրենիքս վտանգված է, և ադրբեջանցին մեր տունն է ուզում, հայտարարում եմ, որ ինչքան էլ շրջափակեն մեզ, ինչքան էլ ճնշեն, մենք երբեք չենք լքի մեր հայկական հինավուրց հողը ու չենք հուսահատվի, կնմանվենք մեր պապերին, կանգուն կմնանք մեր հարազատ լեռնաշխարհում, կապրենք մեր տաք ժայռերի կրծքում:                                                                 Մենք պատերազմ չենք ուզում, պատերազմ, որ խլում է հազարավոր մատաղ կյանքեր և աշխարհը վերածում մի սարսափելի մոխրակույտի:Պատերազմը մի հրեշ է, որը կուլ է տալիս մարդկանց: Պատերազմը ամենից շատ իմ Արցախին է վնաս պատճառել.զրկել է տարածքներից, որոնք իր որդիների արյան գնով է ազատագրել, կուլ է տվել իր անմեղ զինվորներին, ովքեր պայքարել են մինչև վերջին կաթիլն արյունի:             

   Արցա՛խ աշխարհ, իմ տու՛ն ու տե՛ղ, իմ կյա՛նք ու հպարտությու՛ն, ինչքան էլ խոցի քեզ թշնամու սուրը, մեկ է, մենք կանք ու կլինենք դարեր: Արցախում ապրելը հերոսություն է: 

 Մենք, ապրելով Արցախում, ունենք Արցախում ապրելու մեր բանաձևը.   

 Միություն Անգամ Պայքար Հավասար Է Ազատություն:                                                           

Այո՛, մենք միավորվելու ու պայքարելու ենք մեր Արցախի համար: Արցախը մեր հոգին է, մեր ուժը, մեր խիղճը: Արցախում պետք է ապրել, որ Արցախը հայկական մնա: Զիջել Արցախը կնշանակի հրաժարվել սեփական ինքնությունից:     

Ի՛մ Արցախ, քո երկնակամարը անամպ է լինելու, խաղաղության աղավնիները ճռվողյունով թևածելու են քո լուրթ երկնքում: Մենք դեռ բացելու ենք մեր թևերը, մենք կերտելու ենք մեր ապագան, վերադարձնելու ենք մեր պատիվն ու արժանապատվությունը, վերադարձնելու ենք հայ ժողովրդի ճակատագրի կրողն ու մարմնացումը, հայոց մարգարիտը համարվող Շուշին, վերադարձնելու ենք մեր Ղազանչեցոցի խաղաղություն ու բարություն ավետող ղողանջները, դեռ Դադիվանքում հնչելու է մեր զորավոր աղոթքը, դեռ ծաղկելու է մեր Հադրութը:     

  Պատմությունը թելադրում է թշնամու հետ հարաբերվել միայն ուժի լեզվով:   Այո՛, մենք հիմա հսկայական գործ ունենք կատարելու ցանկալի ապագայի համար:   Մենք հայ ենք, մենք չե՛նք հանձնվելու:       

                                                                                                                                                  Աննա Լազարյան, բանասիրական ֆակուլտետ,

հայոց լեզու և գրականություն