Արցախի պետական համալսարան

Մարտի 30-ին լրացավ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վաստակաշատ դասախոս, տ.գ.թ., դոցենտ Իրինա Հովիկի Իշխանյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը: Մեծ է Իրինա Իշխանյանի ավանդը Արցախի պետական համալսարանում տնտեսագիտություն մասնագիտության կայացման և մասնագետներ թողարկելու գործում:

1993 թվականից առ այսօր մեծ նվիրումով ու բարձր պատասխանատվությամբ աշխատելով Արցախի պետական համալսարանում՝ տարբեր տարիների նա և՛ դասախոսել, և՛ միաժամանակ համատեղել է ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի պատասխանատու աշխատանքները: Իրինա Իշխանյանը իր մասնագիտական կարողությունների և մարդկային առաքինի հատկանիշների շնորհիվ վայելում է ուսանողների և գործընկերների սերն ու հարգանքը: Տասնյակ տարիների իր գիտական ուսումնասիրությունների արդյունքում նա հեղինակել է 25-ից ավելի գիտական հոդվածներ, մասնակցել գիտական կոնֆերանսների, քննարկումների և այլ միջոցառումների: Նա նաև ակտիվ հասարակական գործիչ է, «Արցախի կանայք» հասարակական կազմակերպության անդամ:
Ծննդյան 70-ամյա տարեդարձի առթիվ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն Իրինա Իշխանյանին շնորհել է շնորհակալագիր՝ Արցախի պետական համալսարանում երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար:
Շնորհակալագիրն այսօր հոբելյարին է հանձնել տնտեսագիտության ֆակուլտետի դեկան,տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը: Շնորհավորելով Ի. Իշխանյանին տնտեսագիտության ֆակուլտետի ողջ անձնակազմի և անձամբ իր անունից՝ Ռ. Մանգասարյանը հոբելյարին բարեմաղթել է. «Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն, լավատեսություն, երկարակեցություն, հարազատների սեր և ուշադրություն, հաջողություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ: Թող ձեր տրամադրությունը միշտ բարձր լինի, գնահատանքները լինեն ջերմ ու անկեղծ, թող ձեր կյանքում ամեն ինչ լինի այնպես, ինչպես ուզում եք, ապրեք և արարեք խաղաղ և անկախ Արցախում: Ցանկանում եմ, որ միշտ լինեք այդպես գնահատված և՛ ղեկավարների, և՛ աշխատակիցների, և՛ ուսանողների կողմից»: