Արցախի պետական համալսարան

Ապրիլի 13-ին Արցախի պետական համալսարանում պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ և ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության աջակցությամբ տեղի է ունեցել «Հայոց պատմություն» առարկայից օլիմպիադայի 2-րդ փուլը: Օլիմպիադային մասնակցել են հանրապետության տարբեր համայնքների հանրակրթական դպրոցների 10-12-րդ դասարանների երկու տասնյակ աշակերտներ:

Օլիմպիադայի նախաձեռնող, պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է պատմաբանի մասնագիտությունը սերունդների մեջ ազգային արժեհամակարգի ձևավորման ու ամրապնդման, ամենաբարդ ժամանակաշրջաններում անգամ ազգային ինքնության պահպանմանը նպաստելու տեսանկյունից: Նրա խոսքով՝ հայոց պատմությունն ուսումնասիրելն ու իմանալը բոլոր ժամանակներում էլ կարևոր է, կարևոր է հատկապես անցյալի սխալներից դասեր քաղելու, սխալները շտկելու և ներկան ու ապագան ճիշտ կառուցելու առումով:
Օլիմպիադան անց է կացվում թեստային եղանակով: Առաջադրված հարցերին պատասխանելու համար աշակերտներին կտրվի երկու ժամ, արդյունքները կամփոփվեն ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի պատմաբաններից կազմված հանձնաժողովի կողմից:
Օլիմպիադայի մասնակից աշակերտները, կարևորելով բուհում անցկացվող դպրոցական օլիմպիադաները, ընդգծել են դրանց նշանակությունը որպես իրենց գիտելիքների ստուգման լավագույն հարթակ և նշել, որ հայոց պատմություն առարկայի հանդեպ ունեցած սերն ու հետաքրքրությունը մղում են պարբերաբար մասնակցել նման օլիմպիադաների:
Օլիմպիադայի արդյունքները կամփոփվեն առաջիկայում, և մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները կպարգևատրվեն համալսարանի կողմից: