Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում ամփոփվել են ավարտական խմբերի փորձուսուցման արդյունքները:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, փորձուսուցման ղեկավարներ, փորձուսուցման անցկացման վայրերի պատասխանատուներ, ուսանողներ:
Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները հաջորդաբար ներկայացրել են փորձուսուցման յուրաքանչյուր վայրում ստացած արդյունքները, հնարավորությունները և կատարել առաջարկություններ:
«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ուսանողները փորձուսուցման արդյունքները համակարգել են տեսահոլովակների ձևով և ներկայացրել իրենց պրակտիկ այցելությունները Արցախի դիտարժան վայրեր և շեշտը դրել ներքին զբոսաշրջության զարգացման վրա:
Ֆակուլտետի դեկանը կարևորել է փորձուսուցման արդյունքների նման ձևով ամփոփումը, ինչը հնարավորություն է տալիս զարգացնել ֆակուլտետ – գործատու հարաբերությունը:
ԱՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ա.Մուսայելյանը բարձր է գնահատել ուսանողների տեսական պատրաստվածության մակարդակը , նրանց պատասխանատվությունը և ընդգծել, որ իրենց կադրային քաղաքականությունը իրականացնելիս պարտադիր հիմնվում են ֆակուլտետի ներուժի վրա:
ԱՀ ներդրումային հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Ա. Բաբայանը ևս դրական է արտահայտվել փորձուսուցման արդյունքներից և պատրաստակամություն հայտնել ուսանողներին հնարավորություն տալ ծանոթանալ համապատասխան կազմակերպությունների գործունեությանը նաև գործնական պարապմունքների ժամանակ:
«Վարանդա Թրայվել» ՍՊԸ տնօրեն Ա.Ադամյանն առաջարկել է, հիմք ընդունելով զբոսաշրջության առանձնահատկությունները, արտադրական փորձուսուցումը կազմակերպել ամառային շրջանում, երբ տուրիստական ծառայությունները լայն թափ են ստանում:
Նման ձևաչափով փորձուսուցման արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց գոհացուցիչ խոսքն են արտահայտել ամբիոնի վարիչները, փորձուսուցման ղեկավարները, դասախոսները:
Ուսանողներն առաջարկել են փորձուսուցումը կազմակերպել ոչ միայն ավարտական կուրսում, այլ նաև ցածր կուրսերում: