Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի «Տարրական կրթություն և մանկավարժություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների կիրառական փորձուսուցումը անցել է Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան համար 7 դպրոցում:

Դպրոցում ուսանողներին հնարավորություն տրվեց բուհում ստացած իրենց մասնագիտական տեսական գիտելիքները կիրառել պրակտիկայում` դասավանդելով 1-4-րդ դասարաններում: Փորձուսուցման ղեկավարները, ուսանողները, համագործակցելով դպրոցի փորձառու դասվարների հետ, մեծ պատասխանատվությամբ և բարեխղճությամբ նախապատրաստվում էին յուրաքանչյուր դասի:
Ուսանողների կողմից կազմակերպված դասերը անցնում էին հետաքրքիր, դասին ներկայացվող ժամանակակից պահանջներին համապատասխան, դասվարների հավաստմամբ՝ բարձր մակարդակով:
Ուսանողներն իրենց կցված դասարաններում կազմակերպել են բազմաբնույթ, հետաքրքիր միջոցառումներ: Ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվեց նաև համադպրոցական միջոցառում` նվիրված մայրության տոնին: Միջոցառմանը ներկա էին դպրոցի տնօրենը, փորձուսուցման մեթոդիստները, մանկավարժները, հոգեբանները, դասվարները, աշակերտների ծնողները:
Դպրոցի տնօրենը գոհունակություն հայտնեց նման միջոցառման և ուսանողների մասնագիտական պատրաստվածության, պատասխանատվության, կազմակերպվածության համար` ընդգծելով, որ պատրաստ է ուսանողներին վստահելու ուսուցչի աշխատանքը դպրոցում: