Արցախի պետական համալսարան
Ապրիլի 17-ին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետում ամփոփվել են մանկավարժական ուղղվածության կրթական ծրագրերի ավարտական խմբերի փորձուսուցման արդյունքները:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, փորձուսուցման ղեկավարներ, փորձուսուցման բաժնի մեթոդիստներ, փորձուսուցման անցկացման վայրերի պատասխանատու մանկավարժներ, ուսանողներ:
Ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողները ներկայացրել են փորձուսուցման վայրում ստացած արդյունքները, հնարավորությունները և կատարել առաջարկություններ:
Ֆակուլտետի դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյան Միրզոյանը կարևորել է փորձուսուցման արդյունքների նման ձևով ամփոփումը, հանդիպում-քննարկում ծավալելը՝ ուսանողների, դասախոսների և ուսուցիչների մասնակցությամբ: Ողջունելով ներկաներին՝ նա շնորհակալություն է հայտնել փորձուսուցման վայր հանրակրթական դպրոցների տնօրենությանն ու ուսուցիչներին, ովքեր ուսանողներին հնարավորություն են ընձեռել ստացած գիտելիքները գործնականում կիրառելու, մասնագիտական կարողություններ ձեռքբերելու և զարգացնելու:
Ուսուցիչներն իրենց հերթին գոհունակություն են հայտնել ուսանողների մասնագիտական գիտելիքներից ու նրանց՝ նոր գիտելիքներ, հմտություններ ձեռքբերելու պատրաստակամությունից:
Դեկանի խոսքով՝ քննարկման ընթացքում ուսանողների հնչեցրած առաջարկությունները կուսումնասիրվեն և արդյունավետ որոշումներ կկայացվեն:
Վերջում ուսանողները շնորհակալություն են հայտնել դասախոսներին և ուսուցիչներին՝ փորձուսուցումն արդյունավետ կազմակերպելու համար: