Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում օրը շիրազյան էր․ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Սիլվա Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական ցերեկույթ՝ նվիրված հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին։

Միջոցառմանը ներկա էին ուսանողներ, դասախոսներ։ Ցերեկույթը մեկնարկեց Հովհաննես Շիրազին նվիրված տեսանյութով, որտեղ հնչում էր նաև մեծ բանաստեղծի ձայնը։
Ողջունելով ներկաներին՝ միջոցառման կազմակերպիչ Սիլվա Խաչատրյանը խոսեց Շիրազի գեղարվեստական ժառանգությունից, արժևորեց մեծ գրողի գրական վաստակը՝ ընդգծելով նրա ստեղծագործությունների արդիականությունը։
«Հովհաննես Շիրազը խորհրդահայ այն բանաստեղծներից է, ով խորհրդային բանտում, երբ արգելվում էր ազգային հարցի մասին բառ անգամ արտաբերել, պահեց մարդու և բանաստեղծի իր դիմագիծը և բանաստեղծություններով, պոեմներով արտահայտեց ճշմարտություններ, որոնք թաքուն իրար ականջի վախենում էին անգամ շշնջալ շատերն իր գրական ընկերներից։ Հովհաննես Շիրազի ստեղծագործություններն այսօր էլ արդիական են։ Նա մեր ազգային ողբասացն է, ըղձասացն է, պահանջատերը։ Նա իր ստեղծագործություններում արծարծել է միացյալ, հզոր Հայաստանի խնդիրը, հայոց լեզվի պահպանման, արտագաղթի ցավոտ խնդիրները։ Այս խնդիրներն այսօր էլ ունենք։ Շիրազը միշտ կմնա արդիական, այնքան կմնա արդիական, որքան մեր կորուսյալ հողերը դեռ մերը չեն, որքան դեռ միացյալ Հայաստանը մեզ համար ազգային երազանք է»,-նշել է Ս․ Խաչատրյանը՝ պատմելով Շիրազի հետ կապված իր՝ աշակերտական և ուսանողական տարիների հուշերը, նամակագրության և Շիրազի հետ ունեցած հանդիպման մասին։
Շիրազի հետ ունեցած իր լուսանկարները և դրանց պատմությունը ներկայացնելով ուսանողներին՝ Սիլվա Խաչատրյանը հիշեց, թե ինչպես են 80-ական թթ․ ադրբեջանական ճնշումների շրջանում ուսանողներով Արցախից գնացել Երևան և Շիրազի հետ հանդիպել։
Հանդիպմանը Շիրազի խոսքը ցայսօր էլ պատգամի պես է հնչում, հիշում է Սիլվա Խաչատրյանը․ «Շիրազը մեզ ասաց․«Եկեք Երևանում լավ կրթություն ստացեք, բայց չմնաք այստեղ, գնացեք Արցախում ապրեք ու Արցախը շենացրեք, որ թուրքը Արցախը իրենով չանի․․․»։ Շիրազն իմ ուսուցիչն է, իմ հոգևոր հայրը։ Նրա քնարում Նժդեհի ոգին է»։
Միջոցառմանը Սիլվա Խաչատրյանը ներկայացրեց նաև շիրազագետ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սամվել Մուրադյանի առաջաբանով, խմբագրությամբ, վերջերս լրամշակմամբ հրատարակված Հովհաննես Շիրազի «Հայոց դանթեականը» և «Հուշարձան հայրիկիս» գրքերը։
Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան Շիրազի ստեղծագործություններից ասմունքով, ուսանողուհի Արմինե Ավետիսյանը հանդես եկավ որպես ապագա մանկավարժ և ներկայացրեց Շիրազի «Մարգարիտն ու փրփուրը» ստեղծագործության ուսուցման օրինակելի դասի /դպրոցական/ ծրագիր։
Գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Նոնա Դավթյանը խոսեց Հովհաննես Շիրազի ստեղծագործությունների թաքնագիտության մասին և շնորհակալություն հայտնեց Սիլվա Խաչատրյանին ու ուսանողներին Հովհաննես Շիրազին նվիրված միջոցառում կազմակերպելու համար։