Արցախի պետական համալսարան
Արցախի պետական համալսարանը դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով տարբեր ձևաչափերով միջոցառումներ է կազմակերպում։ Հերթականն այսօր էր։
ԱրՊՀ Ուսանողական խորհուրդը նախաձեռնել է «Մասնագիտությունները այլ անկյունից» խորագրով գիտա-գեղարվեստական սեմինար, որին հրավիրված էին հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ։ Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ։
Ուսանողները ելույթներով ներկայացրել են ԱրՊՀ-ում գործող մասնագիտությունները, դրանց առավելությունները, առանձնահատկություններն ու հնարավորությունները։
Միջոցառումը համակարգող ուսանողուհի Ռուզաննա Սահակյանի խոսքով՝ նպատակը դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը նպաստելն էր, ինչպես նաև, համախմբելով բոլոր ֆակուլտետների ուսանողներին, վեր հանել ուսանողին հուզող խնդիրները, առկա թերությունները, խոսելու նրանց լուծումների, շտկման ուղիների մասին, լսելու հնարավոր առաջարկություններ՝ ուսանողական կյանքը առավել աշխույժ, հետաքրքիր, հիշարժան դարձնելու։
«Հուսով ենք, որ մեր ուսանողների ելույթները կօգնեն դպրոցականներին բուհի և մասնագիության ընտրության հարցում»,-նշել է նա՝ աշակերտներին համառոտ ներկայացնելով նաև ԱրՊՀ անցած ուղին, կառուցվածքը, ուսուցման առանձնահատկությունները։
Միջոցառման կարևորությունը իր ելույթում շեշտել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ Արցախի պետական համալսարանը ջանքեր չի խնայում տարեցտարի ավելի բարելավելու կրթության որակը՝ ապահովելով կրթության որակի շարունակական բարելավում, ինչի վկայությունն է համալսարանի հավատարմագրումը ՀՀ ՄԿ ՈԱԱԿ-ի կողմից։