Արցախի պետական համալսարան

Ուսումնական գործընթացում ուսանողների ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և ամրապնդելու համար ԱրՊՀ «Իրավագիտություն» կրթական ծրագրի դեպքում արդեն ավանդույթ է դարձել դատախաղերի կազմակերպումը։ ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ռոման Երիցյանը «Իրավագիտություն» կրթական ծրագրի ուսանողների հետ մայիսի 4-ին կազմակերպել է «Աշխատանքային վեճ շրջափակման պայմաններում» թեմայով դատախաղ, որին հրավիրված էին Արցախի Հանրապետության դատական համակարգի դատավորներ, ԱրՊՀ ղեկավար կազմը, իրավունքի ամբիոնի դասախոսներ և ուսանողներ տարբեր մասնագիտություններից։

Դատախաղի ընթացքում դատավարության մասնակից ուսանողներին հաջողվել էր գրագետ ներկայացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:
Ուսանողների պատրաստվածությունից գոհունակություն է հայտնել Ռ․ Երիցյանը՝ ընտրված թեման համարելով արդիական, քանի որ շոշափվում են շրջափակման հետևանքով առաջացած խնդիրները։
«Այսօրվա դատախաղը քաղաքացիական իրավունքի աշխատանքային իրավունքից է կազմակերպվել, որի նպատակն էր ուսանողներին հնարավորություն տալ իրենց տեսական գիտելիքները համադրել պրակտիկայի հետ և հասկանալ, թե նրանք ինչպես են գործելու իրենց հետագա մասնագիտական գործունեության դաշտում․ այս դատախաղը տարբերվում է նախորդներից նրանով, որ սա նախապես պատրաստած բեմականացում չէր, ուսանողներն անգամ տեղյակ չեն միմյանց ելույթներից, նրանց տրվել է լիարժեք հնարավորություն՝ ինքնուրույն պատրաստելու իրենց ելույթները, հարցերը, պատասխանները, ճառերը․ դրանք բացառապես ուսանողների հեղինակային աշխատանքներն են։ Արդյունքները գնահատում եմ շատ լավ, ուսանողներին հաջողվել է առաջին անգամ կազմակերպել նման բնույթի դատախաղ և ցույց տալ իրենց իմացությունները։
Ըստ սցենարի՝ ուսանողների մի մասը հանդես էր գալիս հայցվորի և հայցվորի ներկայացուցչի դերում, մյուս մասը՝ պատասխանողի և պատասխանողի ներկայացուցչի դերում»,- նշել է Ռոման Երիցյանը՝ կարևորելով դատախաղերի կազմակերպումը ոչ միայն ներբուհական, այլ նաև՝ միջբուհական ձևաչափերով։
Դատախաղի ամենակրտսեր մասնակիցը «Իրավագիտություն» 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Աբրահամյանն էր, ով խաղի վերջում ճանաչվել է «Լավագույն մասնակից»։ Նրա խոսքով՝ դատախաղը, բացի «Իրավագիտություն» մասնագիտությամբ սովորողների գործնական գիտելիքները զարգացնելուց, նաև միտված էր նպաստելու միջոցառմանը ներկա այլ մասնագիտություններով սովորող ուսանողների իրավագիտական իմացությունների զարգացմանը․«Ես դատախաղում հանդես եկա որպես հայցվոր։ Իրականում սա մեզ համար հրաշալի հնարավորություն էր մեր ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար»։
Միջոցառմանը ուսանողների իմացություններից և դատախաղի հաջողվածությունից գոհունակություն են հայտնել հրավիրված դատավորները, պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արմինե Խաչատրյանը, իրավունքի ամբիոնի վարիչ Տաթևիկ Գևորգյանը՝ շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին, մասնակիցներին և ուսանողներին հորդորելով ժամանակն արդյունավետ օգտագործել, ձգտել մասնագիտական ոլորտում դառնալ լավագույն։
Ամփոփելով դատախաղի արդյունքները՝ պատվոգրերով պարգևատրվել են լավագույն թիմը, լավագույն հռետորը և լավագույն մասնակիցը։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով դատախաղի կազմակերպիչներին, մասնակիցներին, դատավորներին, ընդգծել է միջոցառման ուսուցողական, կրթական նշանակությունը և իր հեղինակային գրքերից նվիրել Ռ․ Երիցյանին, լավագույն ճանաչված թիմին և հրավիրված դատավորներին։