Արցախի պետական համալսարան

Հաղթահարելով շրջափակման հետևանքով ստեղծված խոչընդոտները՝ Արցախի պետական համալսարանում շարունակվում է ուսումնական գործընթացը բնականոն հունով ընթանալ։ Ի թիվս գիտական, կրթական և այլ ուղղվածության միջոցառումների՝ այս օրերին ԱրՊՀ-ում անց է կացվում նաև ուսանողների ամենասիրելի միջոցառումներից մեկը՝ «Ուսանողական գարուն» փառատոնը։

 
«Ուսանողական գարուն»-ը մայիսի 6-ին բանասիրական ֆակուլտետում էր։ Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ հանուն հայրենիքի անմահացած քաջորդիների։ Ուսանողները հանդես եկան ասմունքով, երաժշտական, պարային կատարումներով, ներկայացրին ուսանողական կյանքն արտացոլող տեսանյութեր, բեմականացում՝ դրսևորելով իրենց ստեղծագործական կարողություններն ու շնորհը։
Ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Գրիգորյանի խոսքով՝ նախապատրաստական աշխատանքները դժվար էին՝ հովհարային անջատումների և ուստարվա ավարտին բնորոշ ուսումնական ծանրաբեռնվածության հետ կապված, սակայն թիմային աշխատանքով կարողացան հասնել գոհացուցիչ արդյունքի։
Շրջափակման պայմաններում ուսանողներին լավատեսական ոգի ներշնչելն ու համալսարանական առօրյային գրական- գեղարվեստական, ազգային-մշակութային շունչ հաղորդելն ապրեցնող է ու անհրաժեշտ. այս համոզմանն էր միջոցառման հանդիսատեսը։
Ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը, գոհունակություն հայտնելով միջոցառումից,
շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակից ուսանողներին և կազմակերպիչներին։