Արցախի պետական համալսարան

Հաշվի առնելով մեր երկրի առջև ծառացած խնդիրները՝ Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ և ԱրՊՀ աջակցությամբ այսօր Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել «Հայկական մշակութային արժեքները օկուպացված տարածքներում և մարտահրավերները» խորագրով միջոցառում, որին մասնակցում էին Արցախում գործող բուհերի ուսանողներ և ավագ դպրոցների աշակերտներ։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Արևիկ Հովսեփյանի խոսքով՝ միջոցառման նպատակը երկրի առջև ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ Արցախի երիտասարդության տեսակետները լսելն ու խնդիրների լուծման վերաբերյալ համատեղ քննարկում ծավալելն է։
 Թեմայի վերաբերյալ բանախոսությամբ հանդես են եկել «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը և ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պ.գ.թ., դոցենտ Մելանյա Բալայանը։
 «Մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք ձեռքբերումներ և կորուստներ։ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ունեցանք ծանր կորուստներ, բայց մենք ապրում ենք մեր հայրենիքում։ Վիճակը ծանր է, բայց անելանելի չէ։ Այս վիճակից դուրս գալը մեզնից յուրաքանչյուրի ձեռքում է։ Մենք պետք է հասնենք մեր երազանքին։ Եկեք բոլորս գնանք մեր երազանքի հետևից, տեր կանգնենք մեր հայրենիքին, աշխատենք հետ բերել մեր կորցրածը, տեր կանգնենք մեր ազգային արժանապատվությանը»,-նշել է ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը։
 «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանի խոսքով՝ պատմական հուշարձանները յուրաքանչյուրի պահպանության կարիքն ունի։
  «Մեր պատմամշակութային հուշարձանները մեզնից յուրաքանչյուրինն են, բոլորինս են։ Մշակութային ժառանգությունը մեր ներկայությունը տվյալ տարածքում ապացուցող վկայությունն է»,-նշել է Արմինե Հայրապետյանը։ Անդրադառնալով օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի վարած քաղաքականությանը՝ նա ընդգծել է, որ այդ երկիրը շարունակում է հայկական պատմամշակութային կոթողների ավերումը, պատմության խեղաթյուրման ու բռնայուրացման փորձերը:
 Վերջին օրերին Դադիվանքի վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենայի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ Արմինե Հայրապետյանը նշել է. «Դադիվանքի պատերին առկա են պատմության տարբեր ժամանակահատվածներին վերաբերող հայերեն հարյուրավոր արձանագրություններ, իսկ ուդիերեն մեկ բառ անգամ չկա: Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով նշել է, որ Դադիվանքն իր պահպանության և հովանավորության ներքո է և, կարծում եմ, հենց նրանք պետք է այս ամենը կանխարգելեն»։
 Բանախոսությունից հետո ծավալվել է քննարկում։