Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները հաճախ են կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ՝ իրենց մասնագիտական տեսական գիտելիքները կիրառելով գործնականում։
Մայիսի 6-ին «Հոգեբանություն» առաջին կուրսի ուսանողները, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Ռոզալյա Հարությունյանի նախաձեռնությամբ, կազմակերպել են միջոցառում «Մարդու դեմքի մասերի և ձեռագրի հոգեբանական վերլուծություն» խորագրով։ Ուսանողները տեսասահիկներով ներկայացրել են մարդու դեմքի, ճակատի, աչքերի, հոնքերի, քթի և բերանի ձևերը և դրանց հոգեբանական վերլուծությունը ֆիզիոգնոստիկայի տեսակետից։
Հոգեբանության մեջ գոյություն ունեն մարդու բնավորությունը հասկանալու բազմաթիվ մեթոդներ, որոնցից մեկն էլ ձեռագրաբանությունն է։ Ուսանողները խոսել են նաև ձեռագրաբանությունից, անցկացրել թեստ, որի միջոցով վերլուծել են անձի ստորագրությունը։ Միջոցառմանը ներկա էին պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ։
Համալսարանական յուրաքանչյուր միջոցառման համար կրթական բաղադրիչի առկայությունը գերակա նպատակ է, սակայն դրանից զատ կան նաև այլ բաղադրիչներ, որոնք կարևորում են միջոցառման նախաձեռնողները։
«Միջոցառման նպատակն էր ակտիվացնել 1֊ին կուրսեցիներին` հնարավորություն տալով նրանց ինքնադրսևորվել, կատարելու ինքնուրույն հետազոտական աշխատանք։ Ուսանողները հնարավորություն ունեցան հանրային ելույթ ունենալ, ինչը բավականին նպաստում է ինքնավստահությանը և բարձրացնում ինքնագնահատականը»,-նշել է Ռ. Հարությունյանը։