Արցախի պետական համալսարան
2020թ. 44-օրյա պատերազմից հետո մայիսյան եռատոնի խորհուրդն այլ ընկալում ունի։ Հաղթանակներ խորհրդանշող օրը դիմավորում ենք կորստի ցավը կրծքում սեղմած, մեր հայրենիքում ապրելու և արարելու անկոտրում կամքը՝ բռունցք դարձրած։
Մայիսյան եռատոնի խորհուրդը նաև դաս է ամփոփում իր մեջ՝ ուղղված սերունդներին։ Այդ դասն էր ԱրՊՀ-ում միջոցառմամբ միավորել ուսանողներին, դասախոսներին, հրավիրվածներին՝ նախաձեռնությամբ ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ Ռիտա Առուստամյանի։ Միջոցառումը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ արցախյան պատերազմներում անմահացած քաջորդիների։
 
«Իրավագիտություն» 1-ին կուրսի ուսանողները հանդես եկան ելույթներով, ասմունքով՝ ևս մեկ անգամ կարևորելով մեր հաղթանակները, վերհիշեցին դրանց հասնելու անցած ճանապարհը և հաստատեցին այդ սուրբ գործը շարունակելու իրենց պատրաստակամությունը։
 
Միջոցառմանը ելույթ ունեցան իրավունքի ամբիոնի վարիչ Տաթև Գևորգյանը, միջոցառման կազմակերպիչ Ռիտա Առուստամյանը՝ ընդգծելով պատմության ընթացքում մեր ունեցած հաղթանակների արժևորումը և որպես լավագույն դաս՝ դրանցով առաջնորդվելու անհրաժեշտությունը։
 
Միջոցառման վերջում մասնակիցները ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ անմահացած ուսանողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին՝ հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի հավերժի ճամփորդ դարձած ուսանողների հիշատակին։