Արցախի պետական համալսարան
Մայիսի 8-ին Արցախի պետական համալսարանում տեղի է ունեցել Արիության դաս՝ նվիրված Մայիսյան եռատոնին, որը վարում էին Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը և Արցախի Հանրապետության պաշտպանության փոխնախարար Սերգեյ Առստամյանը:
Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է մայիսյան հաղթանակների խորհուրդը՝ ընդգծելով պատմության ընթացքում հայ ժողովրդի ունեցած հաղթանակների արժևորումը և սերունդներին այդ դասերով առաջնորդելու անհրաժեշտությունը. «Օրը լի է և՛ գեղեցիկ հիշողություններով, և՛ հպարտությամբ, և՛ կորստի ցավով: Թյուր է այն կարծիքը, որ մայիսի 9-ը այլևս տոն չէ: Մայիսի 9-ի հաղթանակների շնորհիվ է, որ այսօր մենք կանք, Արցախը ապրում է, և և մենք ապրում ենք Արցախում»:
ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, անդրադառնալով Մայիսյան եռատոնի խորհրդին, առկա դժվարությունները հաղթահարելու և մարտահրավերներին դիմակայելու ելքը համարում է համազգային միասնությունն ու պայքարը:
«Ստեղծված իրավիճակի հաղթահարման բանալին մեր բոլորիս և հատկապես երիտասարդ սերնդի ձեռքում է, այն է՝ համազգային միասնություն ազգային գաղափարի շուրջ և պայքար. պայքար հանուն լինելիության, հանուն մեր հայրենիքում ապրելու և արարելու՝ նյութականը ստորադասելով հոգևորին, անձնականը՝ պետականին»,-ընդգծել է ԿԳՄՍ նախարարը՝ հավելելով, որ մայիսի 9-ը հայ ժողովրդի միասնության և փառահեղ հաղթանակի խորհրդանիշն է:
Անդրադառնալով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումներին՝ ԱՀ պաշտպանության փոխնախարար Սերգեյ Առստամյանը խոսել է նաև վերջին շրջանում Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին՝ նշելով, որ այդ ամենի նպատակը Արցախը հայթափելն է:
«Բոլորիս կարողությունների առավելագույն ներդրման, մեր ամենօրյա սրտացավ աշխատանքի շնորհիվ կարող ենք հաղթահարել դժվարությունները՝ ապրելով մեր հայրենիքում, բարձր պահելով և երբեք չթուլացնելով պայքարի ոգին: Անտարբերությունն ու կրավորական կեցվածքը նպաստում են պայքարի ոգին թուլացնելուն: Սա է նաև Ավարայրից մինչև Շուշի հայ ժողովրդի ունեցած հաղթանակների խորհուրդը՝ ուղղված սերունդներին»,- նշել է Ս. Առստամյանը: