Արցախի պետական համալսարան
«Գոյամարտը» մեր հանրապետությունում գործող ամենամասնագիտացված հեռուստածրագրերից է․ Սենոր Հասրաթյան
-Ու՞մ գաղափարն ու նախաձեռնությունն էր «Գոյամարտ» հեռուստածրագրի ստեղծումը, ե՞րբ հեռարձակվեց առաջին թողարկումը:
- 1993թ. հուլիսի վերջին, լինելով Արցախի հեռուստառադիոպետկոմի աշխատակից, Արցախի Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի ներկայացուցչի կողմից առաջարկություն ստացա ձևավորել ինքնապաշտպանության ուժերի լրատվական ծառայություն: Համաձայնությունս տալով՝ հանդիպեցի ԻՈՒԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Կարճատև զրույցից հետո, ինձ հանձնարարվեց մշակել և ներկայացնել լրատվական ծառայության հաստիքապաշտոնային կառուցվածքը և գործունեության տեսականը: Մինչ ես աշխատում էի ծառայության ստեղծման ծրագրային փաստաթղթերի վրա, Ս.Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար և տեղափոխվեց Երևան: ԻՈՒԿ լրատվական ծառայության ստեղծման հրամանը ստորագրվեց 1993թ. սեպտեմբերի 1-ին՝ Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Սամվել Բաբայանի կողմից: Նույն թվականի հոկտեմբերի 17-ին եթեր հեռարձակվեց «Գոյամարտ» հեռուստածրագրի անդրանիկ թողարկումը:  
-Ինչո ՞ւ «Գոյամարտ», ո՞վ էր անվանման հեղինակը: Ի՞նչ հաճախականությամբ էր այն եթեր հեռարձակվում։
-Չգիտեմ Գեղամ Բաղդասարյանը հիշու՞մ է, որ այդ անվանման հեղինակն ինքն է: Բայց ես հիշում եմ, որ ծրագրի նախապատրաստական աշխատանքների ընթացքում, հանդիպելով նրա (այդ ժամանակ  Գեղամը, եթե հիշողությունս չի դավաճանում, «Ազատ Արցախ» թերթի խմբագիրն էր) հետ, խորհրդակցեցի և հենց իր առաջարկով ծնվեց ապագա հեռուստածրագրի անունը: Սկզբից ևեթ որոշվեց հեռուստածրագիրը թողարկել շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:  
-Ովքե՞ր էին ընդգրկված ստեղծագործական խմբում, ինչպե՞ս համալրվեց այդ խումբը։ -Սկզբնական շրջանում աշխատանքներին ընդգրկված էի ես՝ որպես լրագրող և Վարդգես Ուլուբաբյանը՝ որպես հեռուստառեժիսոր և, միաժամանակ, օպերատոր: Այնուհետև մեզ միացան լրագրող Ռուդոլֆ Մարտիրոսյանը և օպերատոր Վադիմ Մկրտչյանը:  
-Ի՞նչ խնդիրների առաջ եք կանգնել ծրագիրն իրականացնելու ընթացքում։ Ի՞նչ կերպ հնարավոր եղավ հաղթահարել առկա խնդիրները:
-Խնդիրները բաղկացած էին երկու մասից՝ ստեղծագործական և տեխնիկական: Ստեղծագործական մասով դժվարությունները պայմանավորված էին նրանով, որ մենք չունեինք ռազմական ոլորտում քարոզչական աշխատանք իրականացնելու համապատասխան փորձ և ունակությաւն: Իսկ տեխնիկական առումով հիմնական դժվարությունը կայանում էր նրանում, որ բացակայում էին անհրաժեշտ տեխնիկական միջոցները: Բայց շատ կարճ ժամանակահատվածում կարողացանք գլուխ բերել և’ մեկը, և’ մյուսը:  
-Ի՞նչ հիմնական խորագրեր է ունեցել «Գոյամարտ»-ը։
-Թերևս, այսօր չկարողանամ վերհիշել բոլորը, բայց դրանցից յուրաքանչյուրը կոնկրետ հասցեատեր ուներ: Փորձեմ հիշել դրանցից մի քանիսը. «7 օր առաջնագծում», «Հիշենք և մեծարենք», «Փորձադաշտ», «Հերոսները» և այլն:  
-Բացի Արցախի հեռուստատեսությունից, ուրիշ ո՞ր հեռուստաալիքներով էին հեռարձակվում «Գոյամարտ»-ի թողարկումները:
-Ամենշաբաթյա պարբերականությամբ առանձին խորագրով եթեր էր հեռարձակվում Հայաստանի հանրային հեռուստատեսության «Արցախյան տարեգրություն» հաղորդաշարով, որի հեղինակն էր Ռենալ Միրզոյանը: Ի դեպ ասեմ, 1996թ. ացկացված սոցհարցումների արդյունքում, շնորհիվ «Գոյամարտի» սյուժեների, «Արցախյան տարեգրությունը» ՀՀ հեռուստադիտողների շրջանում ճանաչվել է ամենառեյտինգայինը: Մի առանձնազրույցի ժամանակ այդ մասին խոստովանել է անգամ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:  
-Կարո՞ղ ենք ասել, որ «Գոյամարտ»-ը Արցախում ռազմական լրագրության ձևավորման առաջամարտիկ էր:
-Այդ հարցն ավելի տեղին կլիներ տալ Արցախի լրագրողական համայնքի ներկայացուցիչներին: Բայց, որ «Գոյամարտը» մեր հանրապետությունում գործող ռազմական առումով ամենամասնագիտացված հեռուստածրագիրն է, դա քննարկման ենթակա չէ:  
-Հետագայում ի՞նչ փոփոխություններ են կատարվել ծրագրում՝ պարբերականություն, ձևաչափ, դիզայն և այլն: Ընդհանուր առմամբ, քանի՞ թողարկում է եղել մինչև 2020 թվականի աշնանային պատերազմը։ -Բնականաբար տարիների ընթացքում «Գոյամարտն» անցել է ինքնակատարելագործման երկար ճանապարհ և ունեցել այն կարևորը, որը կոչվում է «ճանաչում»: Ասեմ նաև, որ շատ հաճախ «Գոյամարտը» եղել է Արցախի հեռուստատեսության համար կադրերի պատրաստման դարբնոց: Դրանում համոզվելու համար բավական է աչք անցկացնել հեռուստատեսության հաստիքապաշտոնային ցանկը... Ինչ վերաբերում է թողարկումների քանակին, ապա դա շուրջ 2000-ի է հասնում: Բայց ավելի ճիշտ թիվը Ձեզ կարող են տալ ՊԲ տեղեկատվության և քարոզչության բաժնից:  
-Արդյո՞ք պահպանվում է «Գոյամարտ»-ի ամբողջական արխիվը: Մատչելի՞ է այն գիտական ուսումնասիրությունների համար:
-2020թ. օգոստոսի 7-ին, երբ ես թողեցի ՊԲ ՏՀՀԿ բաժնի պետի պարտականությունները, Ձեզ հետաքրքրող արխիվը լրիվությամբ պահպանվում էր և դրանում, իրոք, կար ահռելի ծավալի ուսումնասիրության ենթակա նյութ: Դիմեք բանակի հրամանատարությանը և օգտվեք...
Հարցազրույցը՝ Սվետլանա Պետրոսյանի, «Լրագրություն» 3-րդ կուրս