Արցախի պետական համալսարան
Մայիսի 10-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող մի շարք հարցեր։
Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր գիտխորհրդի կազմում փոփոխություն կատարելուն, որը ներկայացրել է ռեկտոր Արմեն Սարգսյանը։ Համաձայն համապատասխան կանոնակարգի՝ ԱրՊՀ գիտական խորհրդի կազմում տեղի է ունեցել փոփոխություն՝ կապված ԱՀ ԿԳՄՍ նախարարի փոփոխության հետ։
Գիտխորհրդի կազմում ընդգրկվել է ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը։
Օրակարգի հաջորդ հարցով նիստը քննարկել է ԱրՊՀ 2023-2024 ուսումնական տարվա բակալավրիատի /առկա և հեռակա/, մագիստրատուրայի /առկա/, ասպիրանտուրայի, հայցորդության ուսման վճարի տարեկան չափերը սահմանելու մասին հարցը՝ որոշելով ուսման վճարի տարեկան չափը թողնել անփոփոխ։
2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության նախապատրաստական աշխատանքների մասին օրակարգային հարցով տեղեկատվություն են ներկայացրել ֆակուլտետների դեկանները՝ նշելով, որ կատարված են բոլոր անհրաժեշտ աշխատանքները՝ գործընթացը պատշաճ կազմակերպելու համար։
Նիստի օրակարգի հարց էր նաև շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ուսանողների առաջին կիսամյակի քննաշրջանը և ամփոփիչ ատեստավորման քննությունները հեռավար կազմակերպելը։
Գիտխորհուրդը հարցը քննարկել և որոշում է կայացրել թույլատրել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ուսանողների առաջին կիսամյակի քննաշրջանը և ամփոփիչ ատեստավորման քննությունները հեռավար կազմակերպելը։