Արցախի պետական համալսարան
Մայիսի 11-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել է տարեկան ուսանողական գիտաժողով (միջազգային մասնակցությամբ)՝ նվիրված Արցախյան շարժման 35-ամյակին:
Գիտաժողովին առկա և հեռավար եղանակով մասնակցում է շուրջ 100 պատվիրակ Արցախի պետական, ՀՀ և արտերկրի այլ բուհերից:
Գիտաժողովի լիագումար նիստին բացման խոսքով հանդես է եկել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ գիտաժողովը համարելով լավագույն հարթակ գիտական ներուժ ունեցող ուսանողների ինքնադրսևորման, ինչպես նաև միջբուհական համագործակցության ամրապնդման համար: Կարևորելով բուհում ուսանողական ինքնավար կառույցների դերն ու նշանակությունը՝ նա ընդգծել է այդ կառույցների գործունեության արդյունավետությունը՝ որպես ասվածի վկայություն հատկանշելով գիտաժողովի կազմակերպումը:
Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես է եկել Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը:
«Ողջունելի է Արցախյան շարժման 35-ամյակին նվիրված ուսանողական տարեկան գիտաժողովի անցկացումը Արցախի համար ոչ դյուրին և բարդ ռազմաքաղաքական իրադրության պայմաններում: Դա վկայությունն է այն իրողության, որ մեր գիտական միտքը ոչ միայն շարունակում է պահպանել իր կենսունակությունը, այլ նաև ձգտում է գիտական ասպարեզում իրենց առաջին քայլերը կատարող ուսանողներին ուղղորդել՝ ժամանակին համահունչ գնահատականներ տալու մեր երկրի համար կարևորություն ներկայացնող հիմնահարցերին: Դրվատելի է նաև, որ գիտաժողովին հեռավար եղանակով մասնակցում են ՀՀ և արտերկրի բուհերի ներկայացուցիչներ»,-նշել է նախարարը՝ կարևորելով գիտաժողովում ներառված թեմաների արդիականությունը և դրանց հետագա կիրառելիությունը պետական կառավարման և այլ ոլորտներում:
Լիագումար նիստին գիտական զեկուցումներով հանդես են եկել ԱրՊՀ ուսանողները. «Իրավագիտություն» կրթական ծրագրի ուսանող Արա Սարգսյանը՝ «Էթնիկ զտումները որպես վայրագ հանցագործություն։ Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակումը որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտումների քաղաքականություն», «Պատմություն» կրթական ծրագրի ուսանողուհի Աշխեն Ասրիյանը՝ «Ցեղասպանությունը որպես հայկական հարցի լուծման թուրքական տարբերակ», Մանե Հովհաննիսյանը՝ «ԱՀ-ում հարկային համակարգի դերը արդի տնտեսական իրավիճակում» թեմայով:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի փակմանը և Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտումների քաղաքականությանը՝ զեկուցող Արա Սարգսյանն իր առաջարկությունն է ներկայացրել.«Մենք անհրաժեշտ ենք համարում, որ էթնիկ զտումները միջազգային քրեական իրավունքում սահմանվեն որպես առանձին հանցագործություն՝ այն ամրագրելով Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ՝ հետևյալ ձևակերպմամբ. Էթնիկ զտումները մեկ էթնիկ կամ կրոնական խմբի կողմից մշակված կանխամտածված քաղաքականություն է՝ մեկ այլ էթնիկ կամ կրոնական խմբի խաղաղ բնակչությանը բռնությամբ և ահաբեկչությամբ հեռացնելու որոշակի աշխարհագրական տարածքից՝ այն էթնիկապես միատարր դարձնելու նպատակով: Հանցագործությունը որևէ միջազգային պայմանագրով կամ կոնվենցիայով սահմանելը բավարար չէ: Դրա սահմանումից զատ պետք է նախատեսվեն նաև կոնկրետ պատիժներ ու պատժամիջոցներ, ստեղծվեն կիրառման իրական մեխանիզմներ»:
Զեկուցող Աշխեն Ասրիյանը, ներկայացնելով «Ցեղասպանությունը որպես հայկական հարցի լուծման թուրքական տարբերակ» թեման, թուրքիզմ կոչվող աղետի դեմ պայքարի լուծումը տեսնում է հայկական գափարախոսության ստեղծման և դրա շուրջ հայկական աշխարհի միավորման ուղիով:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվել են մասնախմբերում՝ գիտական տարբեր ուղղություններով: