Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոնի առաքելությունը պայմանավորված է ֆակուլտետի և համալսարանի որդեգրած ռազմավարությամբ, որը ենթադրում է կայուն մասնագիտական գիտելիքներով, հայրենասիրությամբ, ստեղծագործական մտածողությամբ, համամարդկային բարձր արժեքներով դաստիարակված անձի ձևավորումը։
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների գերխնդիրը նորագույն կրթական համակարգին ինտեգրվելն է՝ պահպանելով մեր ազգային դպրոցի լավագույն ավանդույթները, և արհեստավարժ, մրցունակ մասնագետների պատրաստումը։
Մայիսի 16-ին տեղի է ունեցել «Կերպարվեստ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների ավարտական աշխատանքների պաշտպանությունը: 2022-2023 ուստարում ամբիոնը թողարկում է 12 շրջանավարտ, որից 8-ը՝ նկարչություն, 4-ը՝ հագուստի մոդելավորում ուղղվածությամբ:
Ամբիոնի վարիչ, ԼՂՀ ժողովրդական նկարիչ, ԼՂՀ զինանշանի հեղինակ, պրոֆեսոր Լավրենտ Ղալայանի խոսքով՝ ամբիոնը իր հիմնադրման օրից թողարկել և շարունակում է թողարկել այնպիսի շրջանավարտներ, ովքեր իրենց գործունեությամբ լավագույն արդյունքներ են արձանագրում՝ հանրապետությունում կայացած բազմաթիվ մրցույթներում միշտ զբաղեցնելով առաջնակարգ տեղեր:
«Մենք գործ ունենք մարդու հոգու հետ: Կերպարվեստ մասնագիտությամբ սովորող ԱրՊՀ ուսանողները քաջ գիտակցում են արվեստի նշանակությունը ազգային ինքնության պահպանման գործում և պատահական չէ, որ մեր ուսանողների աշխատանքներում յուրահատուկ տեղ ունի ազգային տարրը»,-նշել է Լավրենտ Ղալայանը՝ հավելելով, որ գեղանկարչության հանդեպ սեր ունեցող և նկարելու ձիրքով օժտված շրջանավարտները ապագայում կդառնան լավ մասնագետներ և պատվով կիրականացնեն իրենց աշխատանքը:
Ուսանողուհի Արմինե Բեկնազարյանը հագուստի դիզայնից իր «Արցախի տարազ» թեմայով ավարտական աշխատանքի ուղղությամբ աշխատել է շուրջ երկու ամիս, որի ընթացքում նա կատարել է արցախյան տարազի մոդելավորում և զարդարել ազգային նախշազարդերով, ասում է. «Հայկական տարազներն ունեն ընդհանուր տարրեր, որոնց շնորհիվ այն անհնար է շփոթել այլ ժողովուրդների հագուստի հետ: 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը մեկուսացած լինելու հետևանքով Սյունիք-Արցախի տարազը երկար ու անաղարտ է պահել իր ինքնությունը: Այսօր լայն կիրառություն ունեցող նորաձև դետալներն իրականում շատ հին պատմություն ունեն և արտացոլում են մեր մշակույթն ու էությունը: Մենք փորձել ենք շեշտադրել ազգայինը նաև ժամանակակից ոճում»:
Ավարտական աշխատանքի պաշտպանության ընթացքում ուսանողները ներկայացրել են իրենց աշխատանքները գեղանկարների, ավանդականի և ժամանակակից ոճերի համադրմամբ ձևավորած հագուստների տեսքով՝ ժամանակակից լուծումներ տալով տարազին և հայկական ավանդական դետալներով ազգային շունչ հաղորդելով ժամանակակից հագուստին: