Արցախի պետական համալսարան
Հաղթահարելով շրջափակման հետևանքով ստեղծված խնդիրները՝ Արցախի պետական համալսարանում շարունակվում են մայիսի 15-ից մեկնարկած ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները:
Համալսարանի 5 ֆակուլտետներում բակալավրիատի և մագիստրատուրայի 29 կրթական ծրագրերի գծով ընթանում են ամփոփիչ ատեստավորման քննությունները, ավարտական աշխատանքների և թեզերի պաշտպանությունները, որոնց մասնակցում է բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 450 ուսանող: Գիտխորհրդի նիստի որոշման համաձայն՝ ամփոփիչ ատեստավորման ստուգումներին հեռավար մասնակցում են նաև շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ուսանողները:
Պետական քննական հանձնաժողովները նախագահում են յուրաքանչյուր մասնագիտության գծով հրավիրված տվյալ ոլորտի առաջատար մասնագետները:
Բուհի ղեկավարությունը պարբերաբար շրջայցեր է կատարում՝ հետևելով քննությունների ընթացքին:
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն առաջարկել է հանձնաժողովների նախագահներին քննություններից և պաշտպանություններից հետո ներկայացնել վերլուծություն՝ արձանագրելով առավելությունները, խնդիրները՝ կատարելով նաև առաջարկություններ՝ գործընթացի որակի շարունակական բարելավման նպատակով:
«Ընդհանուր առմամբ քննաշրջանն ընթանում է բնականոն հունով: Հանձնաժողովների նախագահները հիմնականում գոհ են ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի որակից, թեմաների արդիականությունից, ուսանողների պատասխաններից: Ուսանողները տեղյակ են ԱրՊՀ կանոնակարգերին և օգտվում են իրենց իրավունքներից: Բողոքարկման դեպքում հարցին տրվում է լուծում՝ համապատասխան կանոնակարգերի»,-նշել է Գեորգի Սահակյանը՝ հավելելով, որ էական խնդիրներ առայժմ չեն արձանագրվել: