Արցախի պետական համալսարան

Մայիսի 19-ին ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի Ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Հասմիկ Ղազարյանի նախաձեռնությամբ «Ժամանակակից հայոց լեզվի ձևաբանություն» դասընթացի շրջանակներում կազմակերպվել է գիտական սեմինար, որի ընթացքում բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանողները հանդես են եկել զեկուցումներով՝ անվանական, բայական և չթեքվող խոսքի մասերի համակարգերում առկա և գրական հայերենի նորմով հաստատված անկանոնությունների վերլուծությամբ:

Խոսելով հայոց լեզվի կարևորության և գիտական սեմինարի նպատակի մասին՝ Հ. Ղազարյանը նշել է, որ լեզվի նկատմամբ յուրաքանչյուր մարդու վերաբերմունքով կարելի է միանգամայն ճշգրիտ դատել ոչ միայն նրա կուլտուրական մակարդակի, այլև քաղաքացիական արժեքի մասին:
«Անսխալ գրելն ու արտասանելը, ճիշտ մտքեր կառուցելը մարդու գրագիտության առաջին ու տարրական չափանիշներն են: Դրանից հետևում է, որ յուրաքանչյուրն իր խոսքի գրական որակն ու մակարդակն ապահովելու նպատակով պետք է նախ և առաջ տիրապետի և հետևի լեզվական նորմին, որը լեզվական հանրության կողմից որոշակի ժամանակաշրջանում ընտրված և ընդունված կանոնների ամբողջությունն է: Քանի որ լեզվական նորմը կարող է հաստատել ինչպես համակարգային, կանոնական, այնպես էլ ոչ համակարգային, անկանոն ձևեր, ուստի և թե՛ մեկի, թե՛ մյուսի իմացությունը խիստ կարևոր է»,-թեմայի արդիականությունը ու խորքային իմացությունն ուսանողների համար կարևորել է Հասմիկ Ղազարյանը: