Արցախի պետական համալսարան

Մայիսի 23-ին Արցախի պետական համալսարանում կայացել է «Արցախի հոգեբանների միություն» մասնագիտական հասարակական կազմակերպության հիմնադիր ժողովը, որին մասնակցում էին ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, Արցախում գործող հոգեբաններ, «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողներ, ինչպես նաև հոգեբանության հարցերով հետաքրքրվող անձինք։

Օրակարգի առաջին հարցն էր հոգեկան առողջության պահպանման խնդիրները հետպատերազմյան շրջափակված Արցախում։ Հարցը քննարկվել և կարևորվել է խնդիրների հաղթահարման նպատակով հոգեբանական ներուժի համախմբման և արդյունավետ գործունեության ծավալելու անհրաժեշտությունը։
Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել և հաստատվել է Արցախի հոգեբանների միության կազմավորման հարցը, այնուհետև տեղի է ունեցել միության խորհրդի կազմի ընտրություն և կանոնադրության հաստատում:
Միության անդամներից պրակտիկ հոգեբան Ռուզաննա Մկրտչյանը, կարևորելով Արցախում հոգեբանների միություն ստեղծելը, միության նախագահի պաշտոնում առաջարկել է հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով նաև, որ միություն ստեղծելու նախաձեռնությամբ հենց Վ. Յարամիշյանն է հանդես եկել։
Բաց քվեարկությամբ Արցախի հոգեբանների միության նախագահ է ընտրվել Վիտյա Յարամիշյանը։
ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վաստակաշատ դասախոս, հոգեբան, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը ողջունել և կարևորել է միության ստեղծումը՝ հայտնելով միության գործունեությանը նպաստելու իր պատրաստակամությունը։
«Հետպատերազմական սինդրոմը կա Արցախում, և այն հաղթահարելու խնդիր ունենք։ Ողջունում եմ այս նախաձեռնությունը և մաղթում ամենայն բարին»,-նշել է Ա. Մխիթարյանը՝ տարիների հեռվից հիշելով, որ Արցախի մայր բուհի հիմնադրման սկզբնական շրջանում հոգեբանության միակ մասնագետն ինքն էր բուհում ու ժամանակին անդամակցում էր ԽՍՀՄ հոգեբանների միությանը, և դեռ այն ժամանակ էր ռուս ականավոր հոգեբան Լոմովի կողմից Արցախում հոգեբանների միություն ստեղծելու առաջարկ ստացել, ինչը չի հաջողվել մասնագետների սղության պատճառով, -«Հպարտ եմ, որ այսօր Արցախում ունենք հոգեբանների մեծ բանակ»։
Վիտյա Յարամիշյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, մանրամասնել է միության գործունեությանը, առաքելությանը, համագործակցությանը, խնդիրներին, նպատակներին վերաբերող հարցեր։
«Միության նպատակն է ձևավորել մասնագիտական համայնք և համախմբելով առկա ներուժը՝ նպաստել մեր երկրում առկա խնդիրների արդյունավետ լուծմանը՝ ցուցաբերելով մասնագիտական մոտեցում»,-նշել է Վ. Յարամիշյանը՝ հավելելով, որ միությունը կունենա նաև կրթական գործառույթ՝ նպաստելով մասնագիտության կայացմանը։
Ելույթներով հանդես են եկել հոգեբանության դասախոսներ Արմինե Ալոյանը, Արայիկ Ֆիրյանը։
Ուսանողուհի Ռուզաննա Սահակյանն ուսանողների անունից իր մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ միության գործունեությունը կարևորելով այդ խնդիրների լուծմանն ուղղված համալիր աշխատանքների համատեքստում։