Արցախի պետական համալսարան
Մայիսի 31-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ուսանողական համագումարը։
Համագումարին ուսանողներին ողջունել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ կարևորելով 2022-23 ուստարում ուսանողական ինքնավար կառույցների կատարած աշխատանքը։
Շնորհակալություն հայտնելով ուսանողներին Արցախի Հանրապետությանը պատուհասած ծանր ժամանակաշրջանում ուսանողության առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու համար՝ ռեկտոր Արմեն Սարգսյանը պարգևատրել է շուրջ 100 ուսանողի, ովքեր ուսումնական տարվա ընթացքում առանձնահատուկ ակտիվություն են ցուցաբերել և արձանագրել հաջողություններ տարբեր բնագավառներում։
Համագումարին 2022-2023 ուստարում կատարած աշխատանքների մասին հաշվետվություններով հանդես են եկել ՈւԽ նախագահ Արա Սարգսյանը, ՈւԳԸ նախագահ Աշխեն Ասրիյանը, ֆակուլտետների ՈւԽ և ՈւԳԸ նախագահները։
Հաշվետու տարում ուսանողները կազմակերպել են կրթական, գիտական, մարզամշակութային և այլ բնույթի մի շարք միջոցառումներ, մասնակցել հանրապետությունում կազմակերպված տարաբնույթ ծրագրերի ու միջոցառումների, իրականացրել կամավորական, հանրօգուտ աշխատանքներ։
 
 
«Հաշվետու ժամանակաշրջանում շարունակվել է ազգային եւ համամարդկային արժեքներ սերմանելու, հայրենիքի եւ սեփական ժողովրդի նկատմամբ պատասխանատվության խորը գիտակցում ձևավորելու և ամրապնդելու, ուսանողների համակողմանի զարգացման, ինքնահաստատման եւ ինքնադրսեւորման համար պայմաններ ստեղծելու քաղաքականությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան եւ բլոկադայի ժամանակաշրջանում ուսանողների բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը, վաղվա օրվա հանդեպ վստահության ներշնչմանը, ինչպես նաեւ բնականոն ուսանողական կյանքի
անցմանը»,-ընդգծել է բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լաուրա Գրիգորյանը։
 
 
Համագումարը հաշվետվությունները գնահատել է բավարար, քննարկվել են մի շարք հարցեր, նախանշվել անելիքներ։