Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում «Մակրոտնտեսագիտություն» դասընթացի շրջանակում «Ֆինանսներ» 3-րդ կուրսի հետ դասախոս, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանի ղեկավարությամբ կազմակերպվել են «ԱՀ տնտեսության արդի մարտահրավերները և հաղթահարման հնարավոր ուղիները» թեմայով գիտաճանաչողական ընթերցումներ: Բացման խոսքում Ռ.Մանգասարյանը կարևորել է հետպատերազմյան ժամանակաշրջանում նման հիմնախնդրի դիտարկումը, քանի որ ԱՀ տնտեսությունը 2020թ.-ի պատերազմի հետևանքով կանգնեց լուրջ մարտահրավերների առջև:

«Տարածաշրջանում փոխվել են տնտեսական զարգացման հնարավոր սցենարները: Նախ պետք է փաստել, որ պատերազմի արդյունքում հակամարտող կողմերը լուրջ տնտեսական վնասներ են կրել, հատկապես ՀՀ-ն և ԱՀ-ն՝ հաշվի առնելով հակառակ կողմի համեմատ տնտեսական վիճակը: Արցախի Հանրապետությունը զրկվել է նաև տնտեսական գործունեության ապահովման կենսական նշանակության մի շարք ենթակառուցվածքներից՝ պարփակվելով հետագա զարգացման համար չափազանց սահմանափակ հնարավորությունների տիրույթում: Այս իմաստով, հույժ հրատապ խնդիր է դառնում առկա ռեսուրսների և հնարավորությունների վերագնահատումը՝ դրանք հետպատերազմյան տնտեսության վերականգնմանը ծառայեցնելու նկատառումներով»,-թեմայի արդիականությունը ընդգծել է Ռ. Մանգասարյանը:
Ուսանողները կատարել են թիմային աշխատանք և իրենց ուսումնասիրություններում դիտարկել են կառավարման համակարգին, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, էներգետիկային, սոցիալական աջակցությանն առնչվող հիմնախնդիրները, կատարել վիճակագրական վերլուծություններ և տվել հիմնավոր առաջարկություններ:
Միջոցառմանը հրավիրված էին ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Հ. Ադամյանը, ԱՀ ներդրումային հիմնադրամի տնօրեն Ս. Հարությունյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ն Մուսայելյանը, ԱՀ ՊԵԿ-ի նախագահի տեղակալ Ա.Մուսայելյանը, ԱրՊՀ պրոռեկտորները, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ: