Արցախի պետական համալսարան

Հունիսի 22-ին ԱրՊՀ-ում տեղի է ունեցել ուսումնական տարին ամփոփող գիտխորհրդի նիստը՝ ռեկտոր Արմեն Սարգսյանի նախագահությամբ: Նիստում քննարկվել, ի գիտություն են ընդունվել և հաստատվել են ուսումնական գործընթացին վերաբերող, կանոնակարգային և մի շարք այլ հարցեր:

Օրակարգի առաջին հարցով ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը ներկայացրել է 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման քննությունների, ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքները: Ըստ պրոռեկտորի տեղեկատվության՝ չնայած շրջափակման հարուցած խոչընդոտներին՝ ԱրՊՀ ղեկավարության կայացրած արդյունավետ որոշումների արդյունքում հնարավոր է դարձել հաղթահարել խնդիրները և գործընթացը կազմակերպել բնականոն, առանց էական խնդիրների՝ շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության սահմաններից դուրս գտնվող ուսանողներին ևս հնարավորություն ընձեռելով հեռավար եղանակով մասնակցելու քննություններին: Նրա գնահատմամբ՝ արդյունքները գոհացուցիչ են, բայց նաև անհրաժեշտ է որակի շարունակական բարելավման ուղղությամբ աշխատանքների իրականացումը:
Օրակարգի հաջորդ հարցով գիտխորհուրդը քննարկել և հաստատել է 2023-2027 ուսումնական տարվա բակալավրիատի առկա ուսուցման, 2023-2025 ուսումնական տարվա մագիստրատուրայի առկա ուսուցման, 2023-2028 ուսումնական տարվա բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգերի կրթական ծրագրերը: Հարցը ներկայացրել է պրոռեկտոր Գ. Սահակյանը:
Օրակարգային՝ «Կրթական ծրագիր կազմելու ուղեցույց»-ի հաստատման մասին հարցը գիտխորհրդին է ներկայացրել ԱրՊՀ որակի ապահովման կենտրոնի վարիչ Շ. Սաղյանը՝ մանրամասնելով ուղեցույցի բովանդակությունը, ՄԿԾ մշակման կողմնորոշիչները և պահանջները, կառուցվածքը, նպատակներն ու խնդիրնեը և այլ հարցեր: Գիտխորհուրդը հարցը քննարկել և հաստատել է:
Նիստը քննարկել և կողմ է քվեարկել նաև օրակարգային հարցերից ԱրՊՀ գիտական խորհրդի 2015 թվականի հուլիսի 3-ի N 16-լ որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցին (հարցը ներկայացրել է ռեկտոր Ա. Սարգսյանը), տպագրության երաշխավորել «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» պարբերականի հերթական համարը (հարցը ներկայացրել է պրոռեկտոր Վ.Ավանեսյանը) և մի շարք ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Այլ հարցերում գիտխորհուրդը հաստատել է տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տ.գ.թ. Գոհար Սարգսյանին դոցենտի կոչում շնորհելու և այն ՀՀ ԲՈԿ-ի վավերացմանը ներկայացնելու հարցը, ԱրՊՀ ասպիրանտների անհատական աշխատանքային պլանները: