Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ իրավաբանական կլինիկայում 2022-2023 ուստարում պրակտիկ դասընթաց են անցել «Իրավագիտություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողները: Կլինիկայում ընդգրկված ուսանողներն ու փորձառու մասնագետները Արցախի Հանրապետության քաղաքացիներին մատուցել են անվճար իրավաբանական խորհրդատվություն և այլ անհրաժեշտ իրավաբանական ծառայություններ՝ ուսումնառության ընթացքում ստացած տեսական գիտելիքները կիրառելով պրակտիկ դաշտում:

Հունիսի 27-ին տեղի է ունեցել դասընթացն ավարտած ուսանողների վկայագրերի շնորհման արարողությունը։ Ներկա էին իրավունքի ամբիոնի վարիչ Տաթև Գևորգյանը, կլինիկայի համակարգող Լիանա Մայիլյանը, ովքեր շնորհավորել են ուսանողներին դասընթացը հաջողությամբ ավարտելու առթիվ՝ մաղթելով նրանց արդյունավետ գործունեություն և գիտելիքների ու կարողությունների շարունակական բարելավում:
Լիանա Մայիլյանը կարևորել է կլինիկայի նշանակությունն ու անհրաժեշտությունը ուսանողներին պրակտիկ գիտելիքներ փոխանցելու գործում, ինչպես նաև անվճարունակ քաղաքացիներին անվճար հիմունքներով իրավաբանական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից։
Ուսանողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել իրավաբանական կլինիկային՝ իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները զարգացնելուն նպաստելու համար: